«Այստեղ դուք ունիք մեկը, որ մեծ անձնավորություն է համաշխարհային գրականության մեջ»
«...Ես չգիտեմ մի ուրիշ մարդու, որ այդքան պատկաներ իր տեղին՝ իր ծծնդավայրին։ Ըստ իս՝ նա միշտ ամաչում էր, որ լքել է ծննդավայրը. սկզբում ամաչում էր, որ տեղափոխվել էր Երևան, ամաչում էր, որ հայտնվել էր Մոսկվայում... Ու միայն աշխատասենյակի ճգնակեցությունն էր, ուր նրա առջև ճերմակ թուղթն էր։ Այդ ճերմակ թուղթն այն տեղն էր, որը նա երբեք չլքեց...»,- ասել է ռուս գրող, Երեւանի պատվավոր քաղաքացի, մի շարք մրցանակների դափնեկիր Անդրեյ Բիտովը: Խոսքը Հրանտ Մաթևոսյանի մասին է:
Այսօր արձակագիր, կինոսցենարիստ Հրանտ Մաթևոսյանի ծննդյան օրն է: Ծնվել է 1935 թ. Ալավերդի-Թումանյանի շրջանի Ահնիձոր գյուղում։ Սովորել է գյուղի դպրոցում, ապա կրթությունը շարունակել է Կիրովականի մանկավարժական ուսումնարանում։ 1952 թվականից տեղափոխվել է Երևան։ 1955-1958 թթ. աշխատել է որպես լինոտիպիստ Երևանի N2 տպարանում։ 1958-1962 թթ. սովորել է Երևանի Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտի պատմալեզվագրական ֆակուլտետում և ուսմանը զուգահեռ որպես սրբագրիչ աշխատել է «Սովետական գրականություն» ամսագրում ու Գրական թերթում։
«Մաճ եմ բռնել, խոտ հնձել, կով ծնեցրել, պատվաստ դրել... Առասպելի ջրհեղեղը եթե կրկնվեր՝ Նոյան պես կարող էի վերստեղծել հողագործության և անասնապահության մեծ մշակույթները, և մարդկանց հիշողությունը եթե հանկարծ խաթարվեր, ազգականներիս ու երկրացիներիս այն օրերի վարքից կարող էի նորից ժողովել մարդկային բարոյականության օրենսգիրքը: Այդ ամենի համար պարտական եմ այն հին Ահնիձոր գյուղին, ուր տասնհինգ տարի եմ անցրել»,- ասել է Հրանտ Մաթևոսյանը:
Գրական ասպարեզ է իջել 1961 թվականին լայն արձագանք գտած «Ահնիձոր» ակնարկով։ Պատմվածքների առաջին ժողովածուն՝ «Օգոստոս», լույս է տեսել 1967 թ.։ ՍՍՀՄ գրողների միության անդամ 1964 թվականից։ 1996-2000 թթ. նախագահել է Հայաստանի գրողների միությունը։ Ստեղծագործությունները թարգմանվել և հրապարակվել են ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն, լիտվերեն, մոլդովերեն, էստոներեն, վրացերեն, ղազախերեն, ղրղզերեն, ուկրաիներեն, չեխերեն, հունգարերեն, նորվեգերեն, բուլղարերեն և այլ լեզուներով։
Հրանտ Մաթևոսյանը հայ նորագույն արձակի նշանավոր ներկայացուցիչներից է: Նրա գրական ժառանգությունը՝ կերպարների մտածողությամբ ու հոգեբանությամբ, պատմության մշտարթուն հիշողությամբ, խորապես ազգային է: Մաթևոսյանը պատմում էր գյուղի, գյուղացիների կյանքի, նրանց ծանր աշխատանքի մասին: Պատմելու նրա ձևը նորություն էր հայ գրականության մեջ: Նրա հերոսները մարդիկ են, որոնք չեն լքում իրենց աշխարհը, իրենց գյուղը, չարչարվում են ամբողջ կյանքում, որովհետև գտնում են, որ մարդու առաջին պարտքը աշխատել և աշխարհը լավացնելն է:
«Հրանտ Մաթևոսյանի լավագույն երկերը կերպավորման, իմաստային և ձևի առումով ազդեցիկ բյուրեղացումներ են, որոնք իրենց հերթին ներքին կապերով արտահայտիչ ու տեսանելի են դարձնում կյանքի ծանրանիստ ընթացքը, դառնում խոր ընդհանրացումներ՝ հոգսի, աշխատանքի, հողի ու գեղեցկության մասին»,- այսպես է ներկայացրել գրականագետ Հրանտ Թամրազյանը Հրանտ Մաթևոսյանի գրական ժառանգությունը:
Մաթևոսյանի երկերի հիման վրա և նրա սցենարներով Հայֆիլմում նկարահանվել են «Մենք ենք, մեր սարերը» (1969 թ.), «Օգոստոս» (1976 թ.), «Աշնան արև» (1977 թ.), «Տերը» (1984 թ.) գեղարվեստական կինոնկարները, բեմադրվել են «Մեծ աշխարհի մեր անկյունը» (ՀՀ Պետական մրցանակ՝ 1983 թ.), «Չեզոք գոտի», «Մեծամոր» և այլ գործեր: Նրա երկերը թարգմանվել են շուրջ 40 լեզվով: «Քո տոհմը» (ռուսերեն) ժողովածուն 1984 թ-ին արժանացել է ԽՍՀՄ Պետական մրցանակի:Մաթևոսյանը 1996 թ-ին պարգևատրվել է ՀՀ Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանով:
Հրանտ Մաթևոսյանը մահացել է 2002 թվականին:
«Այստեղ դուք ունիք մեկը, որ մեծ անձնավորություն է համաշխարհային գրականության մեջ: Ան Հրանտ Մատթէոսյանն է: Որևէ ազգի մեջ իրմե լավ պատմություն գրող չկա: Անոր գրությունները խորունկ ձևով ցույց կուտան հայոց մասնակցություն մարդկության պատմության: Ուրիշ ազգության մեջ ուրիշ գրող Հրանտ Մատթէոսյանի պես չի կրնար գրել: Ես կարդացած եմ իր գործերը թարգմանությամբ: Ինքը հայության մասին կգրե, և այդ հայությունը այնքան ճիշտ է, որ ես կզարմանամ, կուրախանամ և հպարտ կզգամ: Շատ գրողներ, բանաստեղծներ ունիք, բայց պետք է ներեք ինձի, եթե ըսեմ, որ ան ուժը, որ անհրաժեշտ է, հսկայակա՜ն, Հրանտ Մատթէոսյանի մեջ է: Եվ կուրախանամ, որովհետև ազգ մը, պիտի ընդունիք աս, աշխարհին կճանչցվի իր արվեստով: Եվ որ արվեստը այդքան ահագին ըլլա, օտարին միտքին մեջ ազգն ալ կմեծնա»,- գրել է Վիլյամ Սարոյանը:
Լուսանկարները՝ hrantmatevossian.org կայքից:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում