Տեառնընդառաջի տոնը հեթանոսության հետ որևէ կապ չունի. քահանա
«Տեառնընդառաջի տոնը նորապսակների տոնն է, ոչ թե նորանշանների, քանի որ տոնի հիմքում ընկած է Սուրբ Հովսեփի և Սուրբ Մարիամ Աստվածածնի՝ իրենց մանկան հետ տաճար ներկայանալը: Հետևաբար, խոսքը գնում է ամուսնացած զույգերի մասին»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Արարատյան հայրապետական թեմի Բյուրավանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Ղազար քահանա Պետրոսյանը:
Միաժամանակ քահանան նշեց, որ նշանվածների դեպքում չի արգելվում արարողություն անել, կարող են խնամիները հանդիպել, ուրախանալ:
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի տնօրինությամբ Տեառնընդառաջի պատարագից հետո Հայոց եկեղեցիներում տեղի է ունենում Նորապսակների օրհնության կարգ: Տեառնընդառաջի տոնին Հայաստանյայց բոլոր եկեղեցիներում մատուցվում է Սուրբ պատարագ:
Նշենք, որ Տեառնընդառաջի տոնը նշվելու է փետրվարի 14-ին: Տեառնընդառաջի տոնի նախօրեին` երեկոյան ժամերգությունից ու նախատոնակից հետո, խարույկ են վառում: Նախատոնակը, ըստ քահանայի, դա նախապատրաստությունն է բուն տոնի:
Տեր Ղազար քահանա Պետրոսյանն ընդգծեց, որ այս տոնը հեթանոսության հետ որևէ կապ չունի. «Որպես քահանա, ես նախատոնակին Տեառնընդառաջի ժամերգություն եմ կատարում, իսկ կրակ է վառում Տիրոջ խոսքով՝ ես եկա երկրի վրա կրակ գցելու, կամենում եմ, որ բորբոքված լինի: Երբ որ վառում եմ կրակը, իմ մտածողությունը, մեր եկեղեցու մտածողությունը հետևյալն է.
ինչպես Քրիստոս երկրից լույս բերեց, բորբոքեց, այնպես էլ խորանից՝ իբրև երկնքի խորհրդանիշ, մոմով վերցնում եմ կրակը և բերում եմ եկեղեցու բակ՝ իբրև երկրի խորհրդանիշ, ու վառում աստվածասիրության կրակը: Այստեղ ամբողջությամբ Քրիստոսի սիրո և աստվծապաշտության կրակի բորբոքումն է:
Խարույկի վրայից թռնելը:
Կրակի վրայից ցատկելով ոչ թե պաշտում ես, այլ անարգում ես կրակապաշտների պաշտամունքը՝ կեղծ և սնոտի: Կրակն ընդամենը ծառայություն է մատուցում Տիրոջը փառաբանելու գործի մեջ»:
Կրակ վառելը Սբ. Գրիգոր Տաթևացին հետևյալ կերպ է մեկնաբանում. «…Հեթանոսները պաշտում էին բոլոր արարածներին, առավելաբար` ինչպես պարսից ազգը…Ուստի մենք վառված հուրն ընծայում ենք ի պատիվ Աստծո, ասելով թե` «Դու ես ճշմարիտ Աստված, որ այժմ երևացիր», իսկ հուրն աստված չէ, այլ` Քո արարածը, այդ պատճառով էլ Քեզ ծառայության ենք բերում, ինչպես որ եբրայեցի մանուկները ծառերի ոստերն ընծայեցին ի պատիվ Քրիստոսի (Մատթեոս 21.8), որովհետև Նա է ճշմարիտ Աստված, նույնպես և մենք` հուրն ենք ընծայում»: Սբ. Եփրեմ Խուրի Ասորին էլ Տեառնընդառաջին նվիրված ճառում գրում է. «Ջահերն ու խարույկները ունեն հետևյալ պատճառները: Նախ որովհետև հեթանոսները Աստծու պատիվը կրակին էին մատուցում, իսկ մենք ցույց ենք տալիս կրակը որպես Քրիստոսի ծառա, որի համար բերում ենք Աստծուն ծառայեցնելու: Նաև, վրայից թռչելով, այն ոտնատակ ենք տալիս, թե դու աստված չես, այլ Նա է Աստված, Ով քառասուն օրական եկավ տաճար»:
Տեառնընդառաջ. Տոն քառասնօրյա Գալստեանն Քրիստոսի ի Տաճարն
Տերունի այս տոնը հիշատակում է 40-օրական Հիսուսի ընծայումը Տաճարին: Ըստ հրեական օրենքի` ամեն մի արու զավակի ծնունդից հետո, երբ լրանում էին սրբագործման 40 օրերը, նորածնի մայրն իր երեխայի հետ այցելում էր Տաճար, զոհ մատուցում եւ իր զավակի համար օրհնություն ստանում քահանայից: Այսպես և ս. Աստվածամայրը 40-օրական Հիսուսի հետ ներկայանում է Տաճար: Այս մասին հիշատակում է Ղուկաս ավետարանիչը: «Երբ նրանց սրբագործման օրերը լրացան, Մովսեսի Օրենքի համաձայն` նրան Երուսաղեմ տարան` Տիրոջը ներկայացնելու համար, ինչպէս գրված էր Տիրոջ Օրենքում. «Ամէն արու զավակ, որ արգանդ է բացում, Տիրոջ համար սուրբ պիտի կոչվի: Եվ Տիրոջ Օրենքում ասվածի համաձայն՝ ընծա պետք է տալ մի զույգ տատրակ կամ աղավնու երկու ձագ» (Ղուկ. 2:22-24): Ներկայացնելով Հիսուսի կյանքի այս դրվագը՝ Ավետարանիչը պատմում է նաև Սիմեոն ծերունու մասին, որին Սուրբ Հոգուց հրամայված էր մահ չտեսնել, մինչև Տիրոջ Օծյալին տեսնելը: Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին Տեառնընդառաջը կամ 40-օրական Հիսուսի ընծայումը տաճարին տոնում է Աստվածահայտնությունից 40 օր հետո` փետրվարի 14-ին: Հայ Եկեղեցու կանոնի համաձայն, տոնի նախօրեին, երեկոյան ժամերգությունից հետո կատարվում է նախատոնակ: Այն ավետում է Տերունի տոնի սկիզբը: Նախատոնակի արարողության ավարտին կատարվում է Անդաստանի արարողություն, որի ընթացքում օրհնվում են աշխարհի չորս ծագերը: Եկեղեցու կանթեղներից վերցված կրակով վառվում են խարույկներ՝ իբրև Քրիստոսի լույսի խորհրդանիշ:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում