Հռոմի պապը և պատրիարք Կիրիլը ստորագրել են համատեղ հռչակագիր
Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլը և Հռոմի Ֆրանցիսկոս պապը Կուբայում հանդիպման արդյունքում ստորագրել են համատեղ հռչակագիր: Այս մասին հայտնում է Գազետա.ռու կայքը:
«Շատ բովանդակալից զրույց էր, որը հնարավորություն տվեց մեզ հասկանալ և զգալ միմյանց դիրքորոշումները: Այդ զրուցի արդյունքներն ինձ թույլ է տալիս ասել, որ երկու եկեղեցիները կարող են միասին աշխատել ի բարօրություն ողջ աշխարհի քրիստոնյաների»,- ասել է պատրիարք Կիրիլը:
Նա նշել է, որ երկու եկեղեցիները կարող են «աշխատել միասին, որպեսզի չլինի պատերազմ, որպեսզի ամենուր հարգվի մարդկային կյանքը»:
Ֆրանցիսկոս պապն ասել է, որ «մենք զրուցել ենք որպես եղբայրներ, որովհետև մեր հավատը մեկն է և փնտրում ենք նույն ուղին»:
«Մենք զրուցել ենք շատ անկեղծ, ես վստահեցնում եմ ձեզ, որ այս երկխոսության ընթացքոմ ես զգացի Սուրբ հոգու ներկայությունը»,- ասել է Հռոմի պապը՝ հավելելով, որ իրենք քննարկել են մի շարք նախաձեռնություններ, որոնք հնարավոր է կյանքի կոչել:
Հռոմի պապը շնորհակալություն է հայտնել պատրիարք Կիրիլին, որ՝ «մենք միասին փնտրել ենք միասնություն»:
Կուբայում պատմության մեջ առաջին անգամ հանդիպել են Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլը և Հռոմի Ֆրանցիսկոս պապը: