Ներքին Չարբախի անբարեկարգ ու մութ փողոցները
Շենգավիթ համայնքի Ներքին Չարբախի փողոցների անբարեկարգ վիճակը թաղամասի բնակիչներին վաղուց է անհանգստացնում: Խնդիրն ավելի է բարդանում, երբ ձյուն կամ անձրև է գալիս:
«Ձյունը մի պրոբլեմ է, հալվելը` երկու»,- Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ասացին բնակիչները:
Բնակիչների բողոքը կապված է 5-րդ, 6-րդ և 12-րդ փողոցների, 12-րդ փողոցի երրորդ և հինգերորդ նրբանցքների հետ: Նրանց խոսքերով՝ ձյան հալվելուց քանդված փողոցները վերածվել են ջրափոսերի, ցեխի պատճառով փողոցներն անանցանելի են դառնում և մարդիկ դժվարությամբ են կարողանում դուրս գալ կենտրոնական փողոց, որպեսզի տրանսպորտ նստեն:
«Մինչև դուրս ենք գալիս էս փողոցներից, ամբողջությամբ ցեխ ենք դառնում, իսկ եթե պատահմամբ մեքենա ունեցող հարևանի ենք հանդիպում, աշխարհով մեկ ենք լինում: Բա սա ապրել ա»,- վրդովված ասաց տիկին Անահիտը:
Նշեցին նաև, որ ցատկոտելով են ման գալիս, որ ջրափոսերը չընկնեն, շատ ճանապարհների անբարեկարգ վիճակի հետևանքով տաքսիների վարորդները հրաժարվում են բնակիչներին սպասարկել:
Երեք մանկահասակ երեխաների մայր Նելլին էլ նշեց, որ ամեն առավոտ երեխաները մի կերպ են դպրոց հասնում. «էրեխեքն էլ են նեղվում, մինչև հասնում են դպրոց՝ ոտից գլուխ ցեխ են դառնում»:
Բնակիչներին գարնան գալն էլ չի ուրախացնում, քանի որ այն իր հետ բազում խնդիրներ է բերում: Նրանք փաստում են, որ երկու-երեք տարի առաջ ասֆալտապատել են Ներքին Չարբախի կենտրոնական ընդամենը երկու-երեք փողոցներ, իսկ իրենց «փողոցն այդպես էլ կարոտ է մնացել ասֆալտի»:
Բացի ճանապարհների անբարեկարգ վիճակից, փողոցն ունի նաև արտաքին լուսավորության խնդիր: Մութն ընկնելուն պես այն ընկղմվում է խավարի մեջ և էլ ավելի է դժվարացնում փողոցի խորդուբորդ ճանապարհներից օգտվելը:
Պետք է փաստենք, որ արտաքին լուսավորության խնդիր ունի ամբողջ թաղամասը:
«Հատկապես ձմռանը դժվարանում ենք մութ ժամերին քայլել այդ փողոցներով: Թափառող շների մասին էլ չենք խոսում»,- դժգոհում են բնակիչները:
Ի դեպ, նշված փողոցներում չկան նաև կոյուղագծեր, ինչը նույնպես լրջագույն խնդիր է բնակիչների համար:
«Քաղաքային իշխանությունները տարին մի քանի անգամ ասում են, թե մայրաքաղաքում որքան կիլոմետր ասֆալտ են արել, արտաքին լուսավորության ցանց կառուցել, բայց այդ ծրագրերը մեր փողոցները շրջանցում են, ու բնակիչներին անհանգստացնող խնդիրները՝ քանդված ու չլուսավորված փողոցներն այդպես էլ մնում են: Երբեք չենք տեսել, որ թաղապետարանից որևէ մեկը հետաքրքրվի այս փողոցների հարցով: Հետաքրքիր է ինչի՞ հիման վրա է Երևանի քաղաքապետարանը Շենգավիթը ճանաչել 2015թ. Երևանի լավագույն վարչական շրջան», - մեզ հետ զրույցում ասաց փողոցի բնակիչ տիկին Էլյան:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան