Սերգեյ Մինասյան. Տրվեց Սահմանադրական բարեփոխումների կյանքի կոչման գործընթացի մեկնարկը
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ելույթով տրվեց Սահմանադրական բարեփոխումների փաթեթը կյանքի կոչելու գործընթացի մեկնարկը: Անդրադառնալով Սերժ Սարգսյանի` նախօրին հնչեցված ելույթում արված շեշտադրումներին` Panorama.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ, «Կովկաս» ինստիտուտի փոխտնօրեն Սերգեյ Մինասյանը:
«Մյուս կողմից` այս գործընթացը համընկնում է նոր կոալիցիոն ձևաչափի ձևավորման հետ: Այս երկու կարևորագույն շեշտադրումներից բխում է ևս մեկ` ոչ պակաս կարևոր դրույթ առ այն, որ 2017 թ կայանալիք խորհրդարանական ընտրությունների դրական արդյունքներ գրանցելու համար ՀՀԿ-ի և իրենց հնարավոր կոալիցիոն գործընկերների համար պետք է ստեղծվեն լավ պայմաններ: Բոլորի համար էլ, կարծում եմ հասկանալի է, որ այս ընտրությունների արդյունքներ են որոշելու և՛ իշխանության ապագա ձևաչափը և՛ առաջիկա մի քանի տարվա համար երկրի զարգացման տեսլականը»,- նշեց Սերգեյ Մինասյանը:
«Այս տեսանկյունից որքան Սահմանադրական բարեփոխումների կյանքի կոչման գործընթացը լինի արդյունավետ, հասարակության համար տեսանելի և հասկանալի, այնքան ավելի նպաստավոր կլինեն ՀՀԿ-ի ապագա հաջողության համար պայմանները: Եվ վերջապես, ինչպես հատուկ ընդգծեց երկրի ղեկավարը, այս ամենի հիմնական նպատակը ավելի բաց և ժողովրդավար համակարգի ստեղծումն է, ինչի իրագործումը նույնպես լուրջագույն առաջընթաց կլինի Հայաստանի համար»,- հավելեց մեր զրուցակիցը: