Խոսրով Հարությունյան. Ծրագրային ելույթ էր
Պետք է արձանագրել, որ դա ծրագրային ելույթ էր, և իր ընդգրկումով ու խորությամբ լուրջ վերլուծության կարիք ունի: Անդրադառնալով նախագահ Սերժ Սարգսյանի` նախօրեին ունեցած ելույթին, Panorama.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանը:
«Ծրագրային ելույթ էր` նոր իրավաքաղաքական պայմաններում հին մարտահրավերներին նորովի մոտեցումների վերաբերյալ»,- նշեց պատգամավորը և հավելեց, որ նախագահ Սարգսյանի ելույթում կարմիր թելով անցնում էր այն միտքը, որ նոր սահմանադրության բարեփոխումների արդյունքում ձևավորվելու է որակապես նոր իրավիճակ:
«Ակնհայտ է, որ անցումը խորհրդարանական կառավարման համակարգի որակապես նոր պահանջներ է ներկայացնում քաղաքական համակարգի նկատմամբ, մասնավորապես քաղաքական համակարգի առանցքային ինստիտուտների՝ կուսակցությունների: Նախագահ Սարգսյանը խոսում էր նոր որակի կուսակցությունների անխուսափելի անհրաժեշտության մասին: Ընդ որում այդ նոր որակը պետք է պայմանավորված լինի ոչ միայն ներկուսակցական, ժողովրդավարության զարգացման խնդիրներով, այլ նախ և առաջ այն հանգամանքով, որ յուրաքանչյուր քաղաքական միավոր պետք է կարևորի սեփական պատասխանատու դերակատարումը հանային կյանքի արդյունավետ կազմակերպման գործում»,- նշեց Հարությունյանը:
Պատգամավորը հատուկ ընդգծեց, որ նախագահի ելույթի քաղաքական համակարգին նվիրված հատվածում խոսքը գնում էր քաղաքական առողջ մրցակցության միջավայրի ձևավորման մասին՝ կարևորելով նոր քաղաքական մշակույթի ձևավորումը:
«Սա նշանակում է, որ այլևս պետք է հեռանանք այն՝ «հեղափոխություններ», «հեղաշրջումներ» գաղափարներից, ոչ թե նրա համար, որ ոմանք դրանից վախենում են, այլ նրա համար, որ դրանք հանրային կյանքը արդյունավետ կազմակերպելու տեսանկյունից իրենց մեջ կառուցողական լիցք չեն պարունակում: Փոխարենը պետք է կարողանալ ձևավորել կոնսենսուս հիմնական ստրատեգիական նպատակների շուրջ»,- նշեց Հարությունյանը և մասնավորեցրեց, այդ խոսքով նախագահն ասում էր, որ մեր բոլորի հիմնական ստրատեգիական նպատակները նույնն են, տարբեր են նպատակներին հասնելու ուղիները:
«Մենք կարող ենք միմյանցից տարբերվել այդ նպատակներին հասնելու ուղիներով, մարտավարական, հայեցակարգային մոտեցումներով: Եթե այս ամենը իմաստավորվի քաղաքական պատասխանատու դերակատարների կողմից, ապա օրակարգային կդառնա առողջ քաղաքական մրցակցության վրա խարսխված քաղաքական համակարգի ձևավորման խնդիրը»,- նշեց պատգամավորը:
Լրահոս
Տեսանյութեր
Կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին