Մադոննային, Բիբերին և Լոպեսին հնարավոր է կանչեն փրկելու զբոսաշրջությունը Թուրքիայում
Ռուսաստանի կողմից Թուրքիայի դեմ սահմանած պատժամիջոցները Անթալիա նահանգի տնտեսությանը կարող է հասցնել 9 մլրդ դոլար վնաս: Նման եզրակացաթյան են եկել Անթալիայի առևտրաարդյունաբերական պալատի կողմից հրապարակված «Ռուսական պատժամիջոցների ազդեցությունը Անթալիայի տնտեսության վրա» խորագրով զեկույցի հեղինակները: Փոխանցում է Lenta.ru-ն:
Զեկույցում նշված է, որ Ռուսաստանի հետ տնտեսական կապերը ապահովում են Անթալիայի համախառն արդյունքի մեկ երրորդը, իսկ գյուղատնտեսական ոլորտում՝ երկու երրորդը: 2015թ-ին ռուս զբոսաշրջիկների հոսքի 18% անկումը և հանգստացողների նկատմամբ սահմանված գրավիչ զեղչերը էական վնաս են հասցրել նահանգի տնտեսությանը:
Զեկույցի հեղինակները առանձնացրել են չորս սցենարներ՝ լավատեսական, չափավոր լավատեսական, չափավոր վատատեսական, վատատեսական: Լավատեսական սցենարը ենթադրում է, որ Ռուսաստանի հետ լարվածությունը արագ կհարթվի և Մոսկվան կչեղարկի պատժամիջոցները:
Չափավոր լավատեսական սցենարը նախատեսում է ռուսական շուկայի կորուստ 50%-ով, որը Անթալիայի տնտեսությանը կհասցնի 1 մլրդ վնաս:
Չափավոր վատատեսական սցենարի պարագայում ռուսական ներկայացվածությունը կնվազի 90%-ով ինչը կհասցնի 3 մլրդ դոլարի վնաս: Իսկ վատատեսական սցենարը ենթադրում է զբոսաշրջային հոսքերի խոշոր կրճատում ոչ միայն ռուսական ուղղությունից, այլև Եվրոպայից: Նման սցենարի կհասցնի 9 միլիարդ դոլարի վնաս:
Զեկույցի հեղինակները նահանգի զբոսաշրջային գրավչությունը մեծացնելու նպատակով առաջարկել են ապրիլին անցկացվելիք «Էքսպո 2016» ցուցահանդեսի շրջանակներում Անթալիա հրավիրել համաշխարհային աստղեր Մադոննային, Ջասթին Բիբերին և Ջենիֆեր Լոփեսին: