Մեկնարկում է «Ամենախելացին» նախագծի երրորդ եթերաշրջանը
Այս տարվա մարտից կմեկնարկի «Ամենախելացին» միջազգային ինտելեկտուլ շոուի հայաստանյան նախագծի երրորդ եթերաշրջանը: Այս եթերաշրջանի թիրախը լինելու են ուսանողները:
«Արմենիա Թի Վի» ՓԲ ընկերության, ՀՀ կրթության և գիտության նախարարության և «Գազպրոմ Արմենիա» ՓԲ ընկերության միջև այսօր ստորագրվեց եռակողմ համագործակցության հուշագիր, համաձայն որի ԿԳՆ-ն և «Գազպրոմ Արմենիա» ՓԲ ընկերության կաջակցեն «Արմենիա» հեռուստաընկերությանը իրականացնել «Ամենախելացին» ինտելեկտուալ շոուի երրորդ եթերաշրջանը: Համագործակցության հուշագիրը «Արմենիա Թի Վի»-ի կողմից ստորագրեց հեռուստաընկերության գլխավոր տնօրեն Դավիթ Բաբախանյանը, ՀՀ ԿԳՆ-ի կողմից՝ աշխատակազմի ղեկավարի պաշտոնակատար Նաիրի Հարությունյանը և Գազպրոմ Արմենիայի կողմից՝ աշխատակազմի ղեկավար Լևոն Միքայելյանը:
«Այս նախագիծն ունենալով երկու եթերաշրջանի փորձ՝ բավականին արագ դարձավ հայտնի, գրանցեց ինտելեկտուալ խաղի համար բնորոշ աննախադեպ բարձր վարկանիշ»,- համաձայնագրի ստորագրումից հետո ասաց Դավիթ Բաբախանյանը:
Նա նշեց, երբ նոր էին սկսում նախագիծը, մասնակիցների թիվն անցում էր 15 հազարից, ինչը շատ հուսադրող էր, որ Հայաստանում ինտելեկտուալ խաղին այսքան շատ աշակերտներ են ցանկանում մասնակցել:
«Բացի նրանից, որ ինտելեկտուալ խաղ է, բավականին ուժեղ մրցակից է մեր եթերացանցում»,- ասաց Դ.Բաբախանյանը:
Նա տեղեկացրեց, որ նախորդ եթերաշարջաններում հաղթողներից մեկն արդեն գնացել է Անգլիա՝ ամառային դպրոց, մյուսը կմեկնի ամռանը. «Կարծում եմ՝ սա շատ լավ պարգև է ինտելեկտուալ խաղի հաղթողների համար»:
«ՊանԱրմենիան Մեդիա Գրուպի» գլխավոր տնօրեն Արմեն Արզումանյանի խոսքով, նման գաղափարները շատ քիչ են Հայաստանում, մշտապես վախ կա նման բարդ խնդիրներին մոտենալ:
«Ուրախ եմ, որ մենք ոչ միայն սկսել ենք, այլ նախադրյալներ ենք ստեղծել, որ շարունակական լինի: Երբ որ նախագիծը սկսում էինք, ուզում էինք, որ մթնոլորտ փոխի, աշակերտների, երիտասարդների մոտ մրցման ցանկություն առաջանա ոչ միայն այլ ոլորտներում, այլ նաև գիտելիքի: Ուրախ եմ, որ կարողացել ենք ստեղծել այս շարժումը: Այս նախագծին մասնակցելը պատիվ է ցանկացած աշակերտի, ուսանողի համար: Կարծում եմ՝ այս նախագիծն առաջիկայում խթան կլինի մյուս ոլորտներում, մյուս գործընկեր ալիքներում, որ նման ծրագրերը շատ լինեն»,- նշեց Ա.Արզումանյանը:
Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի խոսքով, այս նախագծի դեպքում շատ կարևոր էր այն, որ մուտք գործեր բնակարաններ ու երիտասարդները դիտեին:
«Որքան էլ պարադոքսալ չէ, պարզվեց, որ նման հաղորդում, որ առաջին հայացքից չպետք է վայելեր մեծ հետաքրքրություն, քանի որ սերիալ չէր, սկանդալ չէր, դարձավ շաբաթվա ընթացքում ամենադիտված հաղորդումներից: Սա նշանակում է, որ մեր հեռուստաեթերում մանկական, պատանեկան ինտելեկտուալ, ժամանակակից ծրագրի սով, պակաս կար: Այս նախագիծը վերածվել է շարժման, այն շարունակվում է: Հույս ունենք, որ գիտելիքի այս հաղթարշավը կկարողանանք հնարավորինս ավելի լայն շրջանակներում տարածել՝ գտնելով այն մարդկանց, որոնց ապագան իրականում կապված է իրենց իսկ գլխուղեղի պարունակությունից»:
Նախարարը հիշեցրեց հայտնի կարգախոս՝ «Սովորել, սովորել, սովորել»:
«Գազպրոմ Արմենիա» ընկերության մամուլի խոսնակ Շուշան Սարդարյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ «Գազպրոմ Արմենիա»-ն որոշեց ընդունել գործընկերության առաջարկն ու հովանավորել նախագիծը, քանի որ այն ամբողջությամբ համահունչ է ընկերության կողմից իրականացվող ««Գազպրոմ»-ը՝ երեխաներին» ծրագրի նպատակներին:
«Մենք կարևորում ենք հեռուստանախագծի նպատակուղղվածությունը՝ բացահայտել և ասպարզ բերել խելացի, տաղանդավոր երեխաներին, հնարավորություն ընձեռել նրանց վստահ զգալ իրենց, փորձել այդ գիտելիքները դրսևորել մրցակցային միջավայրում:
««Գազպրոմ»-ը կանգնած է հեռուստանախագծի կողքին, պատրաստ է աջակացել, նաև հետամուտ լինել հետագայում հաղթող մասնակիցների առաջընթացի գործում»,- նշեց Շ.Սարդարյանը:
Հեռուստանախագծի հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանի խոսքով, «Ամենախելացին» սովորական, հավասար հարթակ է, որտեղ յուրաքանչյուրը կարող է ապացուցել, որ գիտելիքի շնորհիվ կարելի է հասնել բարձունքների, հասկանալ, որ ունի ապագա. «Թվում է՝ ընդամենը խաղ է, բայց մեծ բանալի է վաղվա օրվա համար»:
«Ամենախելացին» խաղի գլխավոր խմբագիր Կարեն Քոչարյանը կարևորեց այս նախագիծը մի քանի առումով. «Երեխաները հասկացան, որ իրենց գիտելիքի շնորհիվ կարող են դառնալ հանրաճանաչ նախ իրենց բնակավայրում, ապա նաև ամբողջ Հանրապետությունում: Բացի այդ, այսօր ոչ ֆորմալ՝ մարզերի, քաղաքների, գյուղերի, դպրոցների մակարդակով կազմակերպվում է «Ամենախելացին» խաղը: Սա է երևի մեր ամենամեծ նվաճումը»:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները