Օրենսդրական դաշտը նոր Սահմանադրությանը համապատասխանեցնելը ավելի բարդ է. Գագիկ Ղազինյան
Նախագահի հրամանագրով ստեղծված սահմանադրական բարեփոխումների իրավական ապահովմանն աջակցող մասնագիտական խորհրդակցական խորհուրդը հրամանագրից հետո դեռ նիստ չի գումարել և ծրագիր չի մշակել:
Բայց, ինչպես Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց խորհրդի անդամ Գագիկ Ղազինյանը, խորհուրդը իր առաջ հավակնոտ նպատակ է դրել` Հայաստանի օրենսդրական դաշտը համապատասխանեցնել 2015-ի դեկտեմբերի 6-ին ընդունված նոր Սահմանադրությանը:
Հիշեցնենք` փետրվարի 10-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր էր ստորագրել սահմանադրական բարեփոխումների իրավական ապահովման գործընթացի մասին, որի շրջանակներում ստեղծվել էր սահմանադրական բարեփոխումների իրավական ապահովմանն աջակցող մասնագիտական խորհրդակցական խորհուրդ:
«Անունն էլ շատ լավ ընտրված է և կոչված է օրենսդրությունը համապատասխանեցնել նոր Սահմանադրությանը, իսկ դա շատ ավելի բարդ գործընթաց է, քան հենց Սահմանադրությունը մշակելը», -նկատեց պարոն Ղազինյանը:
Նրա խոսքով, օրենսդրությունը պետք է համապատասխանեցվի նոր Սահմանադրությանը, որպեսզի «չկորչի մայր օրենքի հիմքում դրված գաղափարախոսությունը»:
Խորհրդի կազմում, ըստ հրամանագրի, ընդգրկված են` ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը` խորհրդի նախագահ, կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը, ԱԺ աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը, գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը, ՀՀ նախագահի օգնական Հրայր Ղուկասյանը, Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի նախագահ Սիրանուշ Սահակյանը, ՀՀ Նախագահի աշխատակազմի իրավաբանական վարչության պետ Գրիգոր Մուրադյանը, «Հայաստանի Հանրապետության իրավաբանների ասոցիացիա» հասարակական կազմակերպության նախագահ Գագիկ Ղազինյանը, «Սահմանադրական իրավունքի կենտրոն» հասարակական կազմակերպության խորհրդի նախագահ Գևորգ Դանիելյանը և սահմանադրագետ Վարդան Պողոսյանը:
Գագիկ Ղազինյանի դիտարկմամբ, խորհրդի անդամների ընտրությունը պատահական չէ, քանի որ նրանց ճնշող մեծամասնությունը մասնակցել է Սահմանադրության մշակման գործընթացին:
«Առայժմ որևէ հանդիպում չի կայացել խորհրդում, մոտ ապագայում քարտուղարությունը, հավանաբար, կիրազեկի ու կկազմակերպվի», -հավելեց մեր զրուցակիցը:
Ըստ հրամանագրի, Խորհրդի գործունեությունն իրականացվում է նիստերի միջոցով, Խորհրդի նիստերը գումարվում են ըստ անհրաժեշտության, սակայն ոչ պակաս, քան ամիսը մեկ անգամ։
Մինչև նախագահի պաշտոնավարման ժամկետի ավարտը, ըստ Ղազինյանի, օրենսդրական դաշտը պետք է համապատասխանեցվի Սահմանադրությանը:
«Մինչ այժ ժամանակահատվածը ամբողջ ցիկլը պետք է ավարտվի, և օրենսդրական դաշտը պետք է համապատասխանեցված լինի Սահմանադրությանը», -հավելեց Ղազինյանը:
Խորհրդի կողմից հանրությանն առաջինը պետք է ներկայացվի նոր «Ընտրական օրենսգիրքը», որի վրա հիմնական աշխատողներից է խորհրդի անդամ Հրայր Թովմասյանը: Նոր «Ընտրական օրենսգրքի» նախագծին Ղազինյանն ասաց, դեռ ծանոթ չէ, քանի որ այդ փաստաթղթի վրա այլ խումբ է աշխատում:
«Դրա պատրաստ լինելուց հետո, կուսումնասիրենք ու մեր կարծիքը կհայտնենք», -հավելեց Ղազինյանը: