Քննարկվել են ՀՀ բուհերում մասնագիտության կրթական ծրագրերի հավատարմագրման մոտեցումները
Կրթության որակի շարունակական ապահովման գործընթացում հաջորդ քայլը ծրագրային հավատարմագրումն է, և հիմնադրամը քննարկումների միջոցով ցանկանում է ապահովել ինստիտուցիոնալ հավատարմագրումից հետո ծրագրային հավատարմագրումների փուլին անցնելու հայաստանյան բուհերի համար կիրառելի և արդյունավետ ընթացակարգ: Այս մասին նշել է ՈԱԱԿ տնօրեն Ռուբեն Թոփչյանն՝ այսօր տեղի ունեցած ինստիտուցիոնալ հավատարմագրում ստացած բուհերի պրոռեկտորների և որակի ապահովման կենտրոնների ղեկավարների հետհանդիպման ժամանակ:
ՈԱԱԿ հասարակության հետ կապերի ծառայությունից հայտնում են, որ ծրագրային հավատարմագրման առումով նշվել է, որ կարճ ժամանակահատվածում բոլոր մասնագիտությունների առանձին-առանձին հավատարմագրումը ծախսատար է ու ոչ իրատեսական, հատկապես մի քանի տասնյակ կրթական ծրագիր ունեցող խոշոր բուհերի համար: Քննարկման ընթացքում գործընթացի կազմակերպման երկու նախնական մոտեցում մշակվեց:
Բուհերի մի մասը կողմ է, որ յուրաքանչյուր բարձրագույն ուսումնական հաստատություն իր նախընտրելի հերթականությամբ ծրագրային հավատարմագրման գործընթացն անցնի` նման մասնագիտության կրթական ծրագրերն ըստ ոլորտների խմբավորելով: Բուհերի մյուս մասն էլ կողմնակից է, որ ծրագրային հավատարմագրման քաղաքականությունը հստակ սահմանվի պետական մակարդակով, և պետությունը յուրաքանչյուր տարվա համար ոլորտային առաջնահերթություն սահմանի: Այս պարագայում այդ մասնագիտություններով ուսուցում կազմակերպող բոլոր բուհերը, խմբավորելով նման մասնագիտության կրթական ծրագրերը, տվյալ տարվա ընթացքում ծրագրային հավատարմագրում կանցնեն: Այսպես հնարավոր կլինի նաև համեմատական վերլուծություն իրականացնել` հասկանալով յուրաքանչյուր մասնագիտական ոլորտի ուժեղ և թույլ կողմերը:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները