Ադրբեջանն այսօր պատերազմ սկսելու հնարավորություն չունի. Պաշտպանության նախկին նախարար
«Ես կարող եմ շատ հստակ հայտարարել` Ադրբեջանը այսօր պատրաստ չէ պատերազմ սկսել: Ես դա գրեթե բացառում եմ»,-լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը:
Նրա խոսքով, Ադրբեջանի ռազմական բյուջեն բաժանված է երեք մասի, քանի որ ռազմական սպառնալիքները մի քանի կողմից են, այդ երկիրը ստիպված է ռազմական բյուջեն բաժանել երեք մասի:
«Ինչ վերաբերում է հայտարարություններին, թե նրանք ունեն մեծ ծավալի ռազմական բյուջե, դա քարոզչական նպատակ ունի: Ադրբեջանն այդպիսի բյուջե չունի: Իսկ եթե խոսենք այդ երկրի բանակի բարոյահոգեբանական վիճակից, ապա դա անհամեմատելի է հայկական բանակի հետ», -հայտարարեց Հարությունյանը` նկատելով, որ այդ երկրի զինված ուժերում զինծառայողների կողմից տարօրինակ խախտումներ են կատարվում:
Հարությունյանի ներկայացմամբ, Ադրբեջանն իր վարած քաղաքականությամբ փորձում է վախի մթնոլորտ տարածել Հայաստանում և Ղարաբաղում` ստիպելով հայերին արտագաղթել Հայաստանից, գնալ զիջումների:
«Մեկ խոսքով ասեմ` դա շանտաժ է», -հայտարարեց Հարությունյանը` ընդգծելով նաև այն, որ այդ երկիրը շանտաժի է ենթարկում նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին:
Լրագրողի դիտարկմանը, թե փաստորեն Ադրբեջանը որոշ հաջողության հասնում է` սահմանին զինվորներ են զոհվում, Հարությունյանն ի պատասխան նկատեց, որ համակարտող գոտի է և զոհ ունենալը «մեր խաչն է»:
«Բոլոր հակամարտող տարածքներում այդպես է, դրվածքն է այդպես աշխարհի: Մեր խնդիրն այն է, որ Ադրբեջանը հասկանա, որ այս ճանապարհով որևէ նպատակի չի հասնի: Իսրայելի օրինակը բերեմ ձեզ` այդ երկիրը գնաց տարածքային զիջումների, արդյունքում պատերազմը չավարտվեց և սահմանը մոտեցավ նրանց քաղաքներին: Այնպես որ, մենք պետք է գիտակցենք, սա մեր հաղթանակն է եղել և լուծումը հետևյալն է` մինչև վերջ այս խաչը տանենք ու հասկանանք, որ դրա գինը, այո, մեր լավագույն տղաների կորուստն է, որը մեծ պատվով կատարում են», -հավելեց պաշտպանական գերատեսչության նախկին ղեկավարը:
Ներկայացնելով իր կարծիքը ԵԽԽՎ-ում հակահայկական երկու բանաձևերի ճակատագրի մասին, Վաղարշակ Հարությունյանը նշեց, որ եթե հետևում ենք ադրբեջանական մամուլին, պարզ երևում է, որ ըստ իրենց ԵԽԽՎ-ում ադրբեջանական պատվիրակությունը պարտվել է:
Հիշեցնենք` հունվարի 26-ին ԵԽԽՎ-ում քվեարկությամբ մերժվել էր բրիտանացի նախկին պատգամավոր Ռոբերտ Ուոլթերի «Բռնությունների աճը Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանի մյուս գրավյալ տարածքներում» անվանումով զեկույցը: Մեկ այլ պատվիրակի հեղինակած և Սարսանգի ջրամբարին վերաբերող «Ադրբեջանի սահմանամերձ շրջանների բնակիչները միտումնավոր զրկված են ջրից» զեկույցը ԵԽԽՎ-ում ընդունվել էր:
«Սարսանգի վերաբերյալ բանաձևը որևէ ազդեցություն չի կարող ունենալ: Ուղղակի Ադրբեջանը դա օգտագործելու է: Բայց դա միևնույն ժամանակ տալիս է հնարավորություն, որ Ղարաբաղը ավելի մեծ դերակատարում ունենա, և Ղարաբաղի իշխանությունները շատ ճիշտ քայլ են կատարել, ասելով` եթե կան պրոբլեմներ, եկեք միասին քննարկենք»,-հավելեց Հարությունյանը: