Շուշանիկ Բախշյանի գործով Վերաքննիչ դատարանը մերժել է դատախազության բողոքը
Այսօր Վերաքննիչ քրեական դատարանը` դատավոր Սևակ Համբարձումյանի նախագահությամբ մերժել է «Շենգավիթ» բժշկական կենտրոնի մանկաբարձ-գինեկոլոգ Շուշանիկ Բախշյանի ձերբակալումը ոչ իրավաչափ ճանաչելու մասին դատարանի որոշման դեմ Երևանի դատախազության վերաքննիչ բողոքը: Այդ մասին Panorama.am-ին տեղեկացրեց Բախշյանի փաստաբան Կարեն Կիրակոսյանը:
Նրա խոսքով, այսպիսով Բախշյանին ազատ արձակելու մասին Երևանի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի որոշումը, որը կայացվել էր հունվարի 23-ին, թողնվել է օրինական ուժի մեջ:
«Դատարանի այդ օրվա որոշումը պատմական որոշում էր», -հավելեց փաստաբանը:
Հիշեցնենք` Բախշյանի փաստաբաններ Կիրակոսյանն ու Ալեքսանդր Սիրունյանը բողոքարկել էին ՀՀ Քննչական կոմիտեի քննիչի կայացրած որոշումը Բախշյանին ձերբակալելու մասին` հիմնվելով մարդու անձնական ազատությանը վերաբերող նոր Սահմանադրության 27-րդ հոդվածի վրա: Դատարանը բավարարել էր փաստաբանների բողոքը` Բախշյանի ձերբակալումը ճանաչելով ոչ իրավաչափ: Երևան քաղաքի դատախազությունըմ սակայն, սահմանված ժամանակահատվածում, վերաքննիչ բողոք էր ներկայացրել, որն էլ այսօրվա նիստում մերժվեց:
Շուշանիկ Բախշյանը մեղադրվում է ծննդկան Մերի Մարգարյանին ոչ պատշաճ բուժօգնություն ցուցաբերելու համար: Մերի Մարգարյանը մահացել էր հուլիսի 29-ին` հուլիսի 27-ին կատարված կեսարյան հատումից հետո «HELLP» սինդրոմ համախտանիշի թոքաբորբ ախտորոշմամբ: Իսկ հաջորդ օրը մահացել էր նաև նրա նորածին դուստրը:
Դեպքի առթիվ հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով` «Բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը, որն անզգուշությամբ առաջացրել է բուժվող հիվանդի մահ»։
Մերի Մարգարյանը և նորածինը քրեական գործով ճանաչվել էին որպես տուժող, իսկ Մերի Մարգարյանի հայրը` Վաղինակ Մարգարյանը, տուժողների իրավահաջորդ:
Քննչական կոմիտեից հայտնել էին, որ դեպքի առթիվ նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել էր, որ Մերի Մարգարյանը 4 օր շարունակ ունեցել է բարձր ջերմություն, սակայն բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող «Շենգավիթ» ԲԿ բժշկուհի Շուշանիկ Բախշյանը, պարտավոր լինելով կնոջը հոսպիտալացնել, հրաժարվել և չէր կատարել իր պարտականությունները։
Հարակից հրապարակումներ`
- Դատախազությունը կբողոքարկի Շուշանիկ Բախշյանի խափանման միջոցի մասին որոշումը
- Շուշանիկ Բախշյանի մոտ երկկողմանի թոքաբորբ ախտորոշումը չի հաստատվել. Փաստաբան
- Թող ապացույցներ ներկայացնեն և ոչ թե զրույցներ. Շուշանիկ Բախշյանի պաշտպան
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին