Ոչ թե խնդրել, այլ սանկցիաներ կիրառել. Գործատուների միության նախագահ
«Մոտավորապես 8 հազար փոքր և միջին ձեռնարկություններ, համարյա թե, տնտեսությունից դուրս են մնում: Ակտիվ գործող տնտեսավարող սուբյեկտների 10 տոկոսը չի գտնվում տնտեսության մեջ, դրանով էլ կարելի է ասել, մոտ 300 մլն դոլարի չափով ամեն տարի կորցնում ենք տնտեսության մեջ»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման դիտարկում արեց Գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանը
Ինչ վերաբերում է գործազրկությանը՝ Մակարյանը նշեց, որ այն շատ չնչին է նվազել և իրականում շարունակում է բարձր մնալ. «Վերջին շրջանում միջազգային կառույցների, դեսպանների հետ մեր տարբեր հանդիպումները ցույց են տալիս, որ բավականին դժգոհություն կա, և որ Հայաստանում ռեֆորմներն ավելի շատ խաբուսիկ, թղթային բնույթ ունեն, քան ֆունդամենտալ նպատակներ»:
Անդրադառնալով էներգակիրներին, Մակարյանը հույս հայտնեց, որ հոսանքի հետ կապված բարելավումներ կունենանք. «ՀԷՑ-ը և նոր սեփականատերը առողջացման արագ պրոյեկտներ են իրականացնում, կարծում եմ, որ ժամանակի ընթացքում կարող է գների էժանացման հետդարձ ունենանք»:
Ինչ վերաբերում է գազի գնին, Գործատուների միության նախագահն ասաց. «Մենք չպետք է գնանք ռուսական կողմին խնդրելու տարբերակով, այլ պետք է գնանք ապացուցելու՝ իրենց ոչ արդյունավետ գործունեությունը և կոռումպացվածությունը Հայաստանում: Ոչ թե խնդրել, այլ սանկցիաներ կիրառել»:
Նավթի և բենզինի գնի հետ կապված Մակարյանի համար անհասկանալի է, ՏՄՊՊՀ հնչեցրած տվյալները. «Ով է ստուգում նավթի որակը, երբ ասում են նավթը դրա մեջ 7-8 տոկոս է կազմում»: