Որևէ մեկը երբևէ հայտարարե՞լ է, որ Սերժ Սարգսյանը դուրս է գալու քաղաքականությունից. ՀՀԿ-ական
Հայաստանում վերջին օրերի ամենակարևոր իրադարձությունը Հայաստանի նախագահի ելույթն էր՝ քաղաքական իրադարձությունների, նոր քաղաքական իրավիճակի վերաբերյալ: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Գագիկ Մելիքյանը: Նրա խոսքով, նախագահի ելույթը բխում էր նոր քաղաքական իրավիճակից, որ ստեղծվել է նոր Սահմանադրությունից հետ:
Գ. Մելիքյանի խոսքով, բարեփոխված Սահմանադրությունն իր խորհրդարանական ձևաչափով նախատեսում է բարեփոխումներ թե օրենսդրական դաշտում, թե ընդհանրապես, որոնք կբերեն քաղաքականության կայունություն:
«Նախագահը կարևորեց նոր Ընտրական օրենսգրքի ընդունումը, որը կբերի քաղաքական կուսակցությունների դերի բարձրացում, ազատ, արդար, ժամանակակից մեթոդներով ընտրական գործընթացների անցկացում: Նախագահը շեշտեց իր ելույթում, որ քաղաքական կայունությունը կբերի իր հետ տնտեսական կայունություն, ժողովրդի սոցիալական վիճակի բարելավում»,- ասաց Գ.Մելիքյանը:
Ըստ ՀՀԿ-ական գործչի, նախագահն իր ելույթում բավականին կարևորեց նաև պետծառայողների կարգավիճակի հետ կապված հիմնական դրույթները, արտաքին հարաբերությունները, նշեց, որ այս պահին Թուրքիայի, Ադրբեջանի հետ Հայաստանը որևէ անելիք չունի, հեռանկարում էլ հարաբերությունների զարգացում այդ երկրների հետ չեն տեսնում՝ այդ տարածքները համարելով ճահճացած:
«Կարևոր շեշտադրում արեց նախագահը, որ Ղարաբաղի հիմնախնդրի լուծումը Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքից է միայն բխելու»,- նշեց Գ.Մելիքյանը:
Ըստ նրա, ելույթում նաև նշվել է, որ թե տնտեսության, թե ընդհանուր քաղաքական գործունեության ընթացքում թերություններ եղել են, որոնք չեն բավարարել ոչ ժողովրդին, ոչ էլ իշխանություններին. «Բայց չտեսնել, որ այդ թերությունների վերացման ուղղությամբ քայլեր են արվում, չի կարելի: Անելիքներ շատ ունենք: Քաղաքական նոր իրավիճակ է ստեղծվել, պարտավոր ենք դա անել»:
Պատասխանելով հարցին, թե կարծիք կա, որ նախագահ Սերժ Սարգսյանի ելույթն այս պահին նշանակում է, որ 2018 թվականից հետո Սերժ Սարգսյանը չի պատրաստվում հեռանալ քաղաքականությունից, Գ.Մելիքյանն ասաց. «Իսկ որևէ մեկը երբևէ հայտարարե՞լ է, որ Սերժ Սարգսյանը դուրս է գալու քաղաքական գործընթացներից: Որևէ անգամ նման հայտարարություն չի եղել որևէ մեկի կողմից: Կարծում եմ, որ նման սպասելիքներ որևէ մեկը չպետք է նաև ունենա»:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան