Շուշան Պետրոսյանը Էթիկայի հանձնաժողովում բացատրություններ է տվել
«Ըստ օրենքի, մինչև մենք քննարկվող հարցի վերաբերյալ մեր որոշումը չկայացնենք, հանձնաժողովի որևէ անդամ, ինչպես նաև նախագահը դիրքորոշում հրապարակելու իրավունք չունեն»,-այսօր Ազգային ժողովում Էթիկայի հանձնաժողովի նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ԱԺ Էթիկայի հանձնաժողովի նախագահ Խոսրով Հարությունյանը:
Նշենք, Էթիկայի հանձնաժողովի նիստում այսօր քննարկվում էր երկու հարց` ԱԺ պատգամավոր Շուշան Պետրոսյանի դեմ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի դիմումը և պատգամավորների վերաբերյալ լրագրող Լիլիթ Լալայանի դիմումը: Հունվարի 13-ին, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի կողմից փոստային առաքման միջոցով դիմում է ներկայացվել ՀՀ Ազգային ժողովի էթիկայի հանձնաժողով՝ «ՀՀԿ խմբակցության պատգամավոր Շուշան Պետրոսյանի կողմից «ՀՀ Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքով սահմանված էթիկայի նորմերը խախտելու, մասնավորապես՝ ֆեյսբուքյան օգտատեր Գայանե Շահինյանի հասցեին հնչեցրած բռնության և սպառնալիքի կոչերի ու վիրավորական արտահայտությունների վերաբերյալ որոշում կայացնելու հարցով»:
Պետրոսյանը Facebook սոցիալական ցանցում օգտատիրոջ գրառման տակ գրել էր. «Չհամարձակվես գարշելի երախդ բացել ու նման էժան ու հավուղեղ մակարդակի արտահայտվել երկրիս, մեր բանակի, մեր Պաշտպանության նախարարի մասին, ուշադիր լսի, աչքերդ կհանեմ ու ոնց ուզում ես արձագանքի, ԼԱԿՈՏ»:
Այսօր նիստից հետո Շուշան Պետրոսյանը հրաժարվեց պատասխանել լրագրողների հարցերին` ասելով. «Դիմեք պարոն Հարությունյանին»:
Ինքը` Հարությունյանը, ասաց, որ իրենք այսօրվա նիստում լսել են Շուշան Պետրոսյանին ու նիստի վերաբերյալ ոչ մի «կոմենտարիա» չի անի, քանի որ դա իրեն թույլ է տալիս ԱԺ կանոնակարգ օրենքը:
«Մենք նաև պարոն Սաքունցին ենք հրավիրել ու Գայանե Շահինյանին, բայց նրանք ոչ մեկը մեզ չեն արձագանքել: Քանի դեռ որևէ հարցի վերաբերյալ, որևէ որոշում չի կայացվել, մենք ըստ էության, քննարկումները շարունակելու ենք: Եվ այդ ընթացքում որևէ մեկը չի կարող որևէ կոմենտարիա անել», -հավելեց Հարությունյանը` տեղեկացնելով, որ փետրվարի 18-ին դարձյալ հանձնաժողովը նիստ կունենա և վերջնական որոշում կկայացվի:
Փետրվարի վերջին վերջնական որոշում կկայացվի լրագրողի դիմումի հիման վրա հարուցված վարույթի մասով: Հիշեցնենք` լրագրողը տեսանկարահանել էր, թե ինչպես են 7 պատգամավորներ միմյանց փոխարեն քվեարկում:
Հարակից հրապարակումներ`
- Շուշան Պետրոսյան. Եթե աչքովս ընկավ նման գրառում, ավելին կասեմ. «Ժամանակ»
- Շուշան Պետրոսյանի դեմ բողոքը Էթիկայի հանձնաժողովն ընդունել է վարույթ
- Շուշան Պետրոսյանի հարցը` ԱԺ Էթիկայի հանձնաժողովում
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա