Մանկական քաղցկեղը վերջին տարիներին Հայաստանում նվազման միտումներ է դրսևորում. Գրիգոր Բադալյան
Մանկական քաղցկեղը վերջին տարիներին Հայաստանում նվազման միտումներ է դրսևորում. եթե սրանից 10 տարի առաջ Վ. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնի մանկական բաժանմունքը տարեկան 90-95 նոր հիվանդ երեխայի էր ընդունում, ապա վերջին մի քանի տարիներին այդ ցուցանիշը նվազել է՝ հասնելով 53-ի:Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Ուռուցքաբանության ազգային կենտրոնի (ՈւԱԿ) մանկական ուռուցքաբանության բաժանմունքի ղեկավար, պրոֆեսոր Գրիգոր Բադալյանը:
«Հիվանդացության նվազումից բացի, կրճատվել է նաև մահացության ցուցանիշը»,- ասաց ուռուցքաբանը:
Նշենք, որ փետրվարի 15-ը մանկական քաղցկեղի դեմ պայքարի համաշխարհային օրն է: Աշխարհում ամեն տարի 200 հազար երեխա հիվանդանում է քաղցկեղով, ամեն օր 250 երեխա մահանում է քաղցկեղից:
Ներկայացնելով վիճակագրական տվյալներ՝ Գրիգոր Բադալյանն ասաց, որ 2014թ-ին Հայաստանում գրանցվել է առաջին անգամ ախտորոշված քաղցկեղի 53 դեպք. այն արձանագրվել է 0-17 տարեկան երեխաների և դեռահասների շրջանում: Երեխաների մոտ ամենից հաճախ հանդիպում է արյան քաղցկեղը (լեյկեմիա), որը կազմում է չարորակ ուռուցքների մոտ քառորդը: 2-րդը ավշային համակարգի չարորակ ախտահարումներն են (լիմֆոմաներ), 3-րդը գլխուղեղի, կենտրոնական նյարդային համակարգի ուռուցքներն են: Ավելի քիչ են հանդիպում ոսկրային, երիկամի, սեռական օրգանների քաղցկեղները:
Ուռուցքաբանի խոսքերով՝ եթե մեծահասակների դեպքում կարելի է ասել քաղցկեղի առաջացման հնարավոր պատճառը, ապա երեխաների դեպքում դա ավելի դժվար է, քանի որ երեխաները չեն հասցնում իրենց կյանքում ստանալ քաղցկեղածին նյութեր, ունենալ նախաքաղցկեղային հիվանդություններ և այլն:
Գրիգոր Բադալյանը նշեց, որ Հայաստանում երեխաների մոտ հիվանդության 65-70 տոկոս դեպքերը լիակատար բուժվում են: Զարգացած երկրներում այդ ցուցանիշը հասցվել է 75 տոկոսի:
ՈւԱԿ-ի մանկական ուռուցքաբանության բաժանմունքում այս պահին բուժում է ստանում չարորակ ուռուցքով հիվանդ 10 երեխա, հսկողության տակ է 30-35 երեխա: Բաժանմունքի հսկողության տակ է նաև մոտ 400 երեխա, որոնք վերջին 10-15 տարվա ընթացքում արդեն բուժվել են:
«Մանկական քաղցկեղը բուժվում է ավելի լավ, քան մեծահասակներինը: Հիմնականում մեթոդը, որը թույլ է տալիս փրկել երեխաներին, քիմիաթերապիան է»,- ասաց Գրիգոր Բադալյանը:
Ըստ մասնագետի՝ եթե համալիր բուժումից հետո 2 տարի չարորակ ուռուցքը չի կրկնվում, բժիշկները համարում են, որ երեխան բուժվել է և ամբողջ կյանքը կապրի առանց հիվանդության:
Ի տարբերություն մեծահասակների քաղցկեղի՝ Հայաստանում երեխաների քաղցկեղը շուտ է հայտնաբերվում: Գրիգոր Բադալյանի խոսքերով՝ այս հարցում ծնողները շատ ուշադիր են և որևէ գանգատի դեպքում անմիջապես դիմում են բժշկի: Իհարկե լինում են դեպքեր, երբ բժիշկները սխալ ախտորոշում են տալիս, սակայն վերջին շրջանում նման դեպքերը, ըստ նրա, նվազել են:
Պրոֆեսորի խոսքերով՝ քաղցկեղի բուժման համար Հայաստանում կիրառվում են զարգացած երկրներում առկա բուժման մեթոդները:
Հարցին, թե այդ դեպքում ինչո՞ւ են ծնողներն առավել հաճախ ցանկանում երեխաների բուժումը կազմակերպել Հայաստանից դուրս, Գրիգոր Բադալյանը նշեց, որ կան քաղցկեղի տեսակներ, որոնց դեպքում անհրաժեշտ է կիրառել ոսկրածուծի փոխպատվաստման մեթոդը, ինչը Հայաստանում չի իրականացվում:
«Հիմնականում չի իրականացվում ոսկրածուծի կամ ցողունային բջիջների փոխպատվաստումը, սակայն նախատեսվում է նման կենտորններ բացել Հայաստանում: Կան նաև ախտորոշիչ սարքավորումներ, ճառագայթային ապարատներ, որոնք բավականին թանկ արժեն և դեռևս դրանք Հայաստանում չկան»,- ընդգծեց նա:
Նա նաև նշեց, որ լինում են դեպքեր, երբ իրենք են ծնողներին խորհուրդ տալիս երեխային արտերկիր տանել, բայց դա այն դեպքում, եթե իսկապես դրա կարիքը կա, այսինքն՝ համապատասխան սարքավորում մեր երկրում չկա կամ բուժումը չի իրականացվում. «80-90 տոկոս երեխաների բուժման համար կարիք չկա արտերկիր տանել, քանի որ այդ երեխաները Հայաստանում լիարժեք բուժվում են: Իհարկե լինում են դեպքեր, որ մենք են ուղղություն տալիս՝ բուժվել արտասահմանում»:
Ուռուցքաբանը վստահեցնում է, որ Հայաստանում ոսկրածուծի փոխպատվաստման կենտրոնի բացման դեպքում երեխաների ապրելիության ցուցանիշը ավելի կբարձրանա:
«Եթե Հայաստանն ունենար ժամանակակից բոլոր սարքավորումները, ապա քաղցկեղից լիովին բուժված երեխաների տոկոսը կհասներ զարգացած երկրների ցուցանիշին»,- ասաց նա՝ հավելելով, որ այս տարի Հայաստանում նախատեսվում է բացել ոսկրածուծի փոխպատվաստման կենտրոն, որը Հայաստանում քաղցկեղային հիվանդությունների բուժմանը նոր որակ կհաղորդի:
Գրիգոր Բադալյանը նաև նշեց, որ Հայաստանում մանկական քաղցկեղի բուժումը իրականացվում է պետական պատվերով: Հիվանդ երեխաները դեղորայքի որոշ տեսակներ ևս ստանում են պետության կողմից,, իսկ թանկարժեք դեղերի ֆինանսական ծախսն արդեն մի քանի տարի է՝ իր վրա է վերցրել առաջին տիկին Ռիտա Սարգսյանի հոգածության ներքո գործող «Նվիրիր կյանք» հիմնադրամը:
«Այսօր հիվանդ երեխաների ծնողները թանկարժեք դեղորայք գնելու կարիք չունեն՝ հիմնադրամը հոգում է այդ կարիքները: Մեր խնդիրը նորագույն տեխնոլոգիաներն են և ախտորոշիչ սարքավորումները»,- ընդգծեց ուռուցքաբանը:
Մանկական ուռուցքաբանների բացակայությունը լրջագույն խնդիր է Հայաստանում
Գրիգոր Բադալյանն ուռուցքաբանության ոլորտի ամենալուրջ խնդիրը համարում է այն, որ այսօր Երևանի պետական բժշկական համալսարանում չի դասավանդվում մանկական ուռուցքաբանություն: Այսօր երիտասարդ կադրեր չկան, ինչն իսկապես լուրջ խնդիր է:
«Նախկինում լավ կադրեր ունեինք, իսկ հիմա՝ չունեք: Պարբերաբար այդ մասին բարձրաձայնում եմ, բայց խնդիրը դեռ չի լուծվում: Բժշկական համալսարանի նախկին ռեկտոր Գոհար Քյալյանն ամբողջ ամբիոնը «ջախջախեց» և դրանից հետո համալսարանում առանձին չի դասավանդվում մանկական ուռուցքաբանություն առարկան: Խնդիրը շատ լուրջ է, մանկական ուռուցքաբանության վաղվա օրն իսկապես տագնապալի է: Մենք դեղերի հետ կապված խնդիր չունենք, խնդիրը մասնագետներն են»,- ասաց Գրիգոր Բադալյանը:
Նա նաև նշեց, որ արդեն մի քանի տարի է ՈՒԱԿ-ի մանկական ուռուցքաբանության բաժանմունքը նոր կադրերով չի համալրվում, և եթե այսպես շարունակվի, ապա մի քանի տարի հետո փաստի առաջ կկանգնեն:
Նշենք, որ փետրվարի 15-ին նշվում է Մանկական քաղցկեղի դեմ պայքարի համաշխարհային օրը: 2001 թվականին Լյուքսեմբուրգում «Քաղցկեղով երեխաների ծնողների միության» (ICCCPO) կողմից հռչակվեց մանկական քաղցկեղի դեմ պայքարի միջազգային օրը (ICCD): Կազմակերպության առաքելությունն է բարելավել քաղցկեղով հիվանդ երեխաների նկատմամբ հոգածությունը և բուժման մատչելիությունն ամբողջ աշխարհում: Միությունը հիմնվել է 1994թ. Իսպանիայում: Այն ունի 118 անդամ-կազմակերպություն 73 երկրից, որոնցից մեկը Հայաստանն է: Մեր երկիրն անդամակցում է 2003-ից:
Օրվա միջոցառումների նպատակն է սևեռել հասարակության ուշադրությունը այս խնդրի վրա և հանգանակել միջոցներ՝ հիվանդ երեխաների բուժման և այլ կարիքների համար:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում