Իրանցիները հետաքրքրված են Հայաստանում բժշկական կենտրոն ստեղծելու նախաձեռնությամբ
Իրանը հետաքրքրված է Հայաստանի հետ առողջապահության ոլորտում համագործակցությունն ակտիվացնելու ուղղությամբ: Այս մասին հայտարարել է Իրանի առողջապահության նախարարի տեղակալի Ռասոուլ Դինարվանդին ՀՀ առողջապահության նախարարի հետ հանդիպման ժամանակ:
Նա նշել է, որ իրանական մասնավոր հատվածը հետաքրքրված է Հայաստանում ներդրումներ կատարելու, մասնավորապես` բժշկական կենտրոն ստեղծելու նախաձեռնությամբ:
«Գոհունակություն եմ հայտնում առողջապահության բնագավառում երկկողմ համագործակցությունը զարգացնելու պատրաստակամության համար: Մոտ երկու ամիս է անցել մեր պատվիրակության Իրան կատարած այցից, որը թույլ տվեց ամրապնդել երկկողմ գործընկերային կապերը և կնքել նոր համագործակցության համաձայնագիր՝ գործնական նոր հեռանկարներով»,- ըստ ՀՀ ԱՆ հաղորդագրության՝ ասել է նախարարը:
Համաձայնագրի շրջանակում երկու կողմերը ստեղծել են աշխատանքային խմբեր՝ առողջապահության նախարարների տեղակալների մակարդակով: Որպես համագործակցության լայն հնարավորություն ընձեռող ոլորտ առանձնացվել է նաև դեղարտադրությունը:
Իրանցի փոխնախարարը հայտնել է, որ ցանկանում են առողջապահության ոլորտում օգտագործել բոլոր հնարավորություններն առավել արդյունավետ համագործակցելու համար:
Փոխնախարարի գլխավորած պատվիրակությանը կայցելի նաև ՀՀ մարզեր, ինչպես նաև հայաստանյան դեղարտադրող խոշոր կազմակերպություններ:
Նախարարությունից հիշեցնում են, որ 2015թ. դեկտեմբերին Թեհրան կատարած այցի շրջանակում ստորագրվել է «Իրանի Իսլամական Հանրապետության առողջապահության և բժշկական կրթության նախարարության և Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության միջև առողջապահության և բժշկագիտության բնագավառում համագործակցության մասին» փոխըմբռնման հուշագիր: