Բջջային հեռախոսահամարները գովազդային նպատակներով օգտագործելը անօրինական է. Շուշան Դոյդոյան
Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը պատրաստվում է զբաղվել քաղաքացիների բջջային հեռախոսահամարներին գովազդային նպատակներով ուղարկվող sms-հաղորդագրություններով, որոնք գրեթե բոլորի համար գլխացավանք են դարձել:
Գովազդային նպատակներով տարբեր ընկերություններից գրեթե ամեն օր բջջային sms-հաղորդագրություններ ենք ստանում, որոնցով դրանք տեղեկացնում են իրենց ծառայությունների կամ նորամուծությունների մասին: Բջջային sms-հաղորդագրություններ են ուղարկում նաև Մայր Աթոռ սբ Էջմիածինը, տարբեր նախարարություններ: Պարզվում է` իրավախախտում է, եթե բջջային հեռախոսահամարի տերը այդ մասին համաձայնություն չի տվել:
«Գովազդային նպատակներով մեր հեռախոսահամարի օգտագործումն առանց մեր իմացության մեր անձնական տվյալների անօրինական օգտագործում է, և օրենքը այդ կապակցությամբ կարգավորում չի առաջարկում», -այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրեց ԱՆ Անձնական տվյալների պաշտպանության գործակալության պետ Շուշան Դոյդոյանը:
Նա տեղեկացրեց, որ իրենք սկսել են զբաղվել խնդրով և հեռախոսային օպերատորների իրավաբանական բաժինների ղեկավարների հետ փետրվարի 15-ին հանդիպում է կայացել գործակալությունում, ներկայացվել է մտահոգող հարցը ու ստացել են պարզաբանումներ:
Դոյդոյանի խոսքով, իրենք հեռախոսային ծառայություն մատուցող ընկերությունների ներկայացուցիչներին մի քանի տարբերակ են առաջարկել. օրինակ`եթե քաղաքացին չի ցանկանում ստանալ sms-հաղորդագրություն, պետք է հնարավորություն ունենա իր բջջային հեռախոսով հատուկ կարգավորումների ու զանգերի օգնությամբ դուրս գա այդ ցանկից:
Մյուս առաջարկությունը, որ գործակալությունն արել է օպերատորների ներկայացուցիչներին, քաղաքացուն ընտրելու հնարավորություն տալն է: «Օրինակ, կա քաղաքացի, որն ուզում է մշակույթի ոլորտին վերաբերող sms-հաղորդագրություն ստանալ, բայց կոմերցիոն նպատակներով հաղորդագորւթյուններ չստանալ: Այս տարբերակը շատ ընդունված է միջազգային փորձում», -ասաց Դոյդոյանը:
Սակայն, օպերատորների հետ հանդիպման ժամանակ, ըստ Դոյդոյանի, երեկ պարզել են, որ ամեն ինչ չէ, որ կախված է հեռախոսային ծառայություն իրականացնող ընկերություններից և պարզվել է, որ այս ոլորտում էլ կա «սև շուկա» հասկացությունը:
«Պարզվում է, որ հեռախոսային բազաները հայտնվել են դրա իրավունքը չունեցող անձանց ձեռքում և նրանք իրենց կամքով ու ցանկությամբ անօրինական կերպով ծառայություն են մատուցում այս կամ այն ընկերությանը ու դրանց պատվերով տարածում են առևտրային բնույթի հաղորդագրություններ, և դա ընդհանրապես դուրս է հեռախոսային ծառայություն մատուցող ընկերությունների իրավասություններից: Սա շատ լուրջ է ու նրանց հայտնաբերելը շատ դժվար է», -ներկայացրեց Դոյդոյանը` ընդգծելով, որ փորձելու են աշխատել ոստիկանության հետ` հասկանալու, թե պայքարի ինչ ձևեր կարող են գտնել:
Անձնական տվյալների պաշտպանության գործակալության պետը տեղեկացրեց, որ քննարկումների արդյունքում կընդունվի ընդունելի տարբերակ և մարտի սկզբին քաղաքացիների ու ՀԿ-ների համար կներկայացվի ուղեցույց, որի օգնությամբ հնարավոր կլինի տեղեկանալ` ինչ անել նման դեպքերում:
Հարակից հրապարակումներ`
- Ո՞ր դեպքում է տեսանկարահանումը անօրինական
- Քաղաքացիների 46 տոկոսին չի մտահոգում, որ տարբեր կազմակերպություններ պահում են իրենց անձնական տվյալները. հաշվետվություն