Լուսառատցիները պահանջում են վճարել մթերած խաղողի դիմաց
Արարատի մարզի Լուսառատ համայնքի խաղողագործ բնակիչներն այսօր բողոքի ակցիա էին իրականացնում գյուղի կենտրոնում: Լուսառատցիները Panorama.am-ի հետ զրույցում բացատրեցին, որ վերամշակող ընկերությունները հրաժարվում են իրենց հետ պայմանագիր կնքել, իսկ աշնանը մթերված խաղողի գումարը դեռ շատերը չեն ստացել:
Նրանք սպառնում են, եթե բարձրացրած հարցերին շուտափույթ լուծում չտրվի՝ փակելու են Երևան-Արարատ ճանապարհը, ինչպես արել են նախկինում:
«Այգավանի գործարանի ներկայացուցիչը եկել է գյուղ, հայտարարել, որ այս տարի պայմանագիր են կնքելու մեկ հեկտարից ավել այգի ունեցողների հետ: Գյուղում բազմաթիվ մարդիկ կան, որոնց այգին 7-8 հազար քմ է, բա նրանք ի՞նչ անեն»,-ասաց գյուղացիներից մեկը:
Մյուսն էլ դժգոհեց, որ սրտի վիրահատություն է տարել, հետվիրահատական բուժում է հարկավոր, չի կարողանում Պռոշյանի գործարանից իր հասանելիք գումարը ստանա:
Գյուղատնտեսության փոխնախարար Ռոբերտ Մակարյանը Panorama.am-ի հետ զրույցում ասաց՝ խնդրին տեղյակ է: Այս պահին նախարարի հանձնարարական կա, պայմանագրերի կնքման խնդիրն ուշադրության կենտրոնում է գտնվում:
«Դա վերաբերում է ոչ միայն խաղողի, այլև պտուղ-բանջարեղենի ու այլ մթերքների մթերման պայմանգրերին, որպեսզի գյուղացիները կարողնանա երաշխավորված իրացնեն իրենց արտադրանքը: Այդ առումով շատ հաջողված փորձ ունի Կոնյակի գործարանը»,-ասաց փոխնախարարը:
Ինչ վերաբերում է լուսառատցիներից մթերած խաղողի դիմաց վճարելուն, ապա Մակարյանի հաղորդած տվյալների համաձայն, գյուղացիներից հիմնականում մթերում իրականացրել է Պռոշյանի գործարանը, ինչպես նաև քիչ քանակությամբ Քաղցրաշենի գործարանը:
«Պռոշյանի գործարանը Արմավիրում, Արարատում, Վայոց Ձորում մեծ ծավալներով մթերում է իրականացրել, վճարումներն անընդհատ անում է: Որոշակի պարտքեր ունի, դա պայմանավորված է ֆինանսական դժվարություններով, սակայն պարտքերի մոտ 70 տոկոսը վճարել են: Հենց արտադրանքն իրացնում են, ստացած գումարն առաջին հերթին ուղղում են պարտքերի մարմնաը, որպեսզի գյուղատնտեսական աշխատանքները սկսելու համար գյուղացիները գումար ունենան»,-ասաց Մակարյանը:
Քաղցրաշենի գործարանի տնօրենն էլ գյուղնախարարության պաշտոնյային հավաստիացրել է, որ մարտի մեկից սկսած կարճ ժամանակում կմարի պարտքերը:
Նախարարությունն այս պահին քայլեր է ձեռնարկում, որպեսզի վերամշակողները կարողանան իրացնել պատրաստի արտադրանքը:
«Օրինակ, այս պահին նախարարը պաշտոնական այցով գտնվում է Հնդկաստանում: Այցի հիմնական նպատակը գինեգործական արտադրանք ներկրողների հետ հանդիպումն է, հայկական գինու և կոնյակի առաջ մղումը հնդկական շուկայում: Որոշ ժամանակ անց նաև հնդկական կողմը կժամանի Հայաստան, կհանդիպեն գործարարների հետ: Եթե փոխշահավետ համագործակցությունը ստացվի, ապա իրացման խնդիրն ինչ-որ չափով կլուծվի»,-ասաց Մակարյանը:
Հարակից հրապարակումներ`
- Մինչև տարեվերջ կհետաձգվեն խաղող մթերած գյուղացիների վարկերի մարումը. Արթուր Ջավադյան
- Տափերական համայնքում գտնվող կոնյակի գործարանն այս տարի մթերել է 8277 տոննա խաղող
- Լեռնիկ Ալեքսանյան. Գործարանները մթերած խաղողի դիմաց դեռ չեն կարողանա վճարել գյուղացուն (տեսանյութ)
- Ավագ Հարությունյան. Պետությունը 14 մլն դոլար ներդնելով կարող էր լուծել խաղողի մթերման խնդիրը
- Բերբերյան. Խաղողի մթերման հետ կապված իրավիճակը ոչ հետևողական աշխատանքի արդյունք է
- Գյուղնախարարությունը՝ խաղողագործներին. Ավելորդ շտապողականության կարիք չկա
- Դաշտում խաղող չի մնալու. Հանրապետությունում մեկնարկել է խաղողի մթերումը