Հայաստան այցելող զբոսաշրջիկների թիվը նվազել է
2015թ-ին Հայաստան այցելած զբոսաշրջիկների թիվը 2014թ-ի համեմատ նվազել է: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության վարչության պետ Մեխակ Ապրեսյանը:
Նրա խոսքերով՝ 2015 թվականին Հայաստան այցելել է 1 մլն 192 հազար զբոսաշրջիկ, իսկ 2014թ-ին՝ 1 մլն 203 հազար:
«Նվազումը հիմնականում պայմանավորված է Ռուսաստանից այցելությունների թվի կրճատման հետ: Ռուսաստանից եկող քաղաքացիները զբոսաշրջային այցերի կառուցվածքում մեծ տեղ են զբաղեցնում, հետևաբար այդ ուղղությամբ այցերի կրճատումն իր բացասական ազդեցությունն է ունենում ընդհանուր տվյալների վրա»,-ասաց Մեխակ Ապրեսյանը՝ հավելելով, որ 2015 թվականի 9 ամիսները ամփոփելիս արդեն նկատվել էր, որ 2014 թվականի համեմատ ավելի քան 30 տոկոսով նվազել են Ռուսաստանից արտագնա այցելությունների թիվը բոլոր ուղղություններով, իսկ դեպի Հայաստան՝ ընդամենը 6 տոկոսով:
Չնայած զբոսաշրջիկների այցելությունների ցուցանիշը նվազել է, ամեն դեպքում Մեխակ Ապրեսյանը կարծում է, որ 2015 թվականը հաջողված տարի է: Մի շարք ուղղություններով ավելացել է զբոսաշրջիկների թիվը: «Թեև նվազում կա Ռուսաստանից այցելողների թվում, բայց հետաքրքիր աճ կա ԱՄՆ-ից՝ 40 տոկոս, Իրանից՝ 24 տոկոս, Իրաքից, եվրոպական երկրներից»,- ասաց Զբոսաշրջության վարչության պետը: