Դմիտրի Մեդվեդևը Տիգրան Սարգսյանի հետ քննարկել է Ուկրաինայի տարածքով բեռնափոխադրումների հետ կապված խնդիրը
Նախօրեին ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը հանդիպել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի ղեկավար Տիգրան Սարգսյանի հետ: Հանդիպման օրակարգը ներկայացրել է ՌԴ կառավարության մամլո ծառայությունը: Հանդիպման ընթացքում արծարծվել Ուկրաինայի տարածքով ռուսական բեռների տեղափոխման շուրջ ծագած խնդիրների լուծման հարցը:
«Դուք գիտեք, որ Ուկրաինայի հետ ծագել է խնդիր՝ կապված Ուկրաինայի տարածքով մեր բեռների փոխադրման հետ: Մենք նույնպես ստիպված ենք կիրառել պատասխան քայլեր: Այս ամենը նույնպես ներառվում է այն հարցերի մեջ, որոնք պետք է համաձայնեցվեն Եվրասիական տնտեսական միության ձևաչափի շրջանակներում»,- նշել է Դմիտրի Մեդվեդևը: Ավելի վաղ հայտնի է դարձել այն մասին, որ Ռուսաստանի տրանսպորտի նախարարությունը, որոշում էր կայացրել արգելափակել ուկրաինական բեռնատարների ելքը երկրից, մինչև չպարզվեն հարևան երկրում ՌԴ բեռնատար մեքենաների շուրջ ստեղծված իրավիճակի հանգամանքները: Բացի դրանից Դմիտրի Մեդվեդևը Տիգրան Սարգսյանին հաջողություն է մաղթել ԵԱՏՄ հանձնաժողովի խորհրդի ղեկավարի պաշտոնում:
«Սա դժվար, բայց իմ կարծիքով հետաքրքիր աշխատանք է, որովհետև այն ուղղված է ինտեգրացիայի լուրջ արդյունքներ գրանցելուն, որոնք շահավետ են ԵԱՏՄ անդամ բոլոր երկրներին»,- նշել է Մեդվեդևը: Իր հերթին Տիգրան Սագսյանը՝ շնորհակալություն հայտնելով ջերմ խոսքերի համար, նշել է. «Ես գիտակցում եմ այն ամբողջ պատասխանատվությունը, որ այսօր դրվում է իմ վրա: Մեր երկրների կողմից լուրջ են սպասելիքները, այն պատճառով որ և մեր երկրների քաղաքացիները և բիզնեսը ցանկանում են ինտեգրացիայից տեսնել ինչ-որ իրական առավելություններ և մենք պետք է ցույց տանք, որ ինտեգրացիան աշխատում է և այդ գործընթացների համար հավելյալ խթան կհանդիսանա»: