
Բաշար Ասադ. Սաուդյան Արաբիայի կողմից ստեղծված պատվիրակությունը ձևավորվել է ահաբեկիչներից
Սիրիայի ընդդիմության՝ Սաուդյան Արաբիայի կողմից ստեղծված պատվիրակությունը ձևավորվել է ահաբեկիչներից և դավաճաններից, որոնք իրավունք չունեն ինքնուրույն կայացնել որոշումներ: «asialive.info»-ի փոխանցմամբ, Սիրիայի ազգային հեռուստատեսության եթերում նման հայտարարությամբ հանդես է եկել երկրի նախագահ Բաշար Ասադը:
Նա շեշտել է, որ համաձայն չէ խոսել ահաբեկիչների հետ. «Չկա երկիր, որը համաձայն լինի երկխոսության մեջ մտնել ահաբեկիչների հետ և մենք նույնպես համաձայն չենք խոսել նրանց հետ»:
«Կարո՞ղ է արդյոք ընդդիմության պատվիրակությունն ունենալ որոշում կայացնելու իրավունք: Երբ որ կունենա, այն ժամանակ կկայանա սիրիական երկխոսությունը»,- հավելել է Սիրիայի նախագահը:
Նշենք, որ հունվարի վերջին Ժնևում կայացած բանակցություններին մասնակցում էր Սիրիայի ընդդիմության երկու պատվիրակություն: Առաջինը ձևավորվել էր Մոսկվայում և Կահիրեում կայացած հանդիպումների արդյունքում, իսկ երկրորդը՝ Էյր Ռիադում կայացած բանակցությունների վերջնարդյունքում:
Անդրադառնալով Սիրիայի տարածքում ընթացող ռազմական հակամարտությանը Ասադը նշել է, որ Սիրիան պատերազմում հաղթելուց բացի, ուրիշ այլընտրանք չունի և զգուշացրել է, որ ահաբեկիչներից երկրի ազատման համար անհրաժեշտ կլինի բարձր գին վճարել:
Սիրիայի նախագահը ուշադրություն է հրավիրել այն բանի վրա, որ Արևմուտքը սկսեց խոսել հրադադարի կնքման մասին այն բանից հետո, երբ ահաբեկիչները սկսեցին ակնառու պարտություններ կրել: Այնուհանդերձ, ըստ Ասադի ցանկացած զինադադար, պետք է իր մեջ ներառի զինյալների զինաթափումը:
Սիրիայի նախագահի խոսքով, զինադադարի կնքումը ամենևին չի նշանակում, որ կողմերը կդադարեն զենք կիրառել: Նա նաև շեշտել է, որ չի կարելի թույլ տալ ահաբեկիչներին ամրապնդել իրենց դիրքերը:
Նշենք, որ փետրվարի 11-12-ը Մյունխենում կայացավ Սիրիայի աջակցության միջազգային խմբի նիստը, հանդիպման արդյունքներով մասնակիցները պայմանավորվել են, որ այս շաբաթվա ընթացքում դեպի Սիրիայի ազատագրված շրջաններ կբացվի մարդասիրական ճանապարհ: