Համագործակցության հեռանկար է բացվում Իրան-Հայաստան-Վրաստան հարթակում. Մեխակ Ապրեսյան
«Արդեն մի քանի տարի է, ինչ զբոսաշրջությունը Հայաստանի կառավարության կողմից հռչակվել է որպես տնտեսության զարգացման գերակա ոլորտներից մեկը: Ուստի, ոլորտի զարգացման նպատակով իրականացվում են մի շարք միջոցառումներ»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ Էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության վարչության պետ Մեխակ Ապրեսյանը՝ խոսելով զբոսաշրջության ոլորտի, իրենց հիմնական խնդրի, Հայաստանի և հայկական զբոսաշրջության մրցունակության բարձրացման մասին:
Ըստ նրա, այդ ուղղությամբ կան մի շարք լուծելու խնդիրներ, մասնավորապես՝ ապահովվել ծառայությունների որակը, թե ենթակառուցվածքներում, թե՛ մարդկային ռեսուրսներում: Մեխակ Ապրեսյանի խոսքերով՝ խնդիրներից մեկը նաև Հայաստանի զբոսաշրջության արդյունքի ավելի դիվերսիֆիկացված լինելն է:
«2015 թվականին կառավարությունը հաստատեց քարանձավերը զբոսաշրջության նպատակով օգտագործելու ծրագիրը: Շատ կարևոր է քարանձավերն ավելի գրավիչ դարձնելը: Մենք այդ ռեսուրսն ունենք և համագործակցելով տեղական ինքնակառավարման իրավասու անձանց և մասնավոր հատվածի հետ, պետք է ամեն ինչ անենք, որ զբոսաշրջության այդ ուղղությունը զարգացնենք ու ընդլայնենք»,-ընդգծեց վարչության պետը՝ հավելելով, որ խոսքը Վայոց ձորի մարզում գտնվող Մագելի քարանձավի մասին է:
Ըստ նրա՝ միջազգային փորձը ցույց է տալիս, որ քարանձավերը զբոսաշրջային գրավչության կարևորագույն օբյեկտ են, և դրանց զբոսաշրջային նպատակով օգտագործելը կարող է էապես նպաստել ինչպես դրանց պահպանման խնդիրների լուծմանը, այնպես էլ հայկական զբոսաշրջային արդյունքի դիվերսիֆիկացմանը և մրցունակության բարձրացմանը, համայնքներում զբոսաշրջության զարգացմանն ու եկամուտների ավելացմանը:
Նա նաև նշեց, որ Հայաստանի ներգնա տուրօպերատորների հետ սկսել են քննարկել հարցեր, որոք ունեն զբոսաշրջային նշանակություն. «Ունենք նաև նոր շուկաներ գտնելու, զարգացնելու խնդիր: Բացի զբոսաշրջային արդյունքը դիվերսիֆիկացնելուց, անհրաժեշտ է դիվերսիֆիկացնել նաև շուկան: Այս դեպքում խոսքը Իրանի, Չինաստանի մասին է, որոնց հետ ակտիվ համագործակցություն ենք սկսել: Շատ լավ համագործակցության հեռանկար է բացվում Իրան-Հայաստան-Վրաստան հարթակում»:
Զբոսաշրջության վարչության պետն անդրադարձավ նաև ռուսական շուկային՝ նշելով, որ պետք է ակտիվ աշխատել ռուսական շուկայի ուղղությամբ, թեև, ըստ նրա, Հայաստան այցելող զբոսաշրջիկների շուրջ 45 տոկոսը բաժին է ընկնում ՌԴ-ին:
«Ռուսական շուկայի ակտիվացմանն ուղղված միջառումները պետք է լինեն ոչ ստանդարտ, քանի որ արդեն ունենք հաջողված փորձ»,-նշեց Մեխակ Ապրեսյանը: