«Ալմաստ» օպերան ամբողջ տարվա ընթացքում նվիրվելու է Ալեքսանդր Սպենդիարյանի հոբելյանին
Այս տարի լրանում է մեծանուն կոմպոզիտոր, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Ալեքսանդր Սպենդիարյանի ծննդյան 145-ամյակը: Այդ առթիվ Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի կունենան մի շարք հոբելյանական հանդիսություններ, իսկ սպենդիարյանական անմահ օպերան՝ «Ալմաստը», ամբողջ տարվա ընթացքում կնվիրվի կոմպոզիտորի հոբելյանին: Այս մասին Panorama.am-ին տեղեկացրեցին օպերային թատրոնից:
«Ալմաստ» օպերան Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բեմում կներկայացվի փետրվարի 23-ին:
1933 թվականից մինչ օրս Ալեքսանդր Սպենդիարյանի «Ալմաստ» օպերան կոմպոզիտորի անունը կրող օպերայի և բալետի թատրոնի բեմում է: Այդ ներկայացման ցուցադրությամբ է բացվել Հայաստանի գլխավոր թատրոնի վարագույրը:
1916 թ. Սպենդիարյանն այցելել է Թիֆլիս, որտեղ նա ծանոթացել է Հովհաննես Թումանյանի հետ և ոգեշնչված «Թմկաբերդի առումը» պոեմով՝ գրել է իր «Ալմաստ» օպերան:
Ալեքսանդր Սպենդիարյանը (Սպենդիարովը) ծնվել է 1871թ. հոկտեմբերի 10-ին ռուսական Կախովկա քաղաքում: Ստեղծագործել սկսել է 7 տարեկանից, իսկ 9 տարեկանից դաշնամուր և ջութակ նվագել է սովորել: 1890թ. նա տեղափոխվում է Մոսկվա: 1890-95թթ. սովորել է Մոսկվայի համալսարանի իրավաբանական ֆակուլտետում: Զուգահեռ նվագել է տարբեր անսամբլներում և համալսարանի ուսանողական նվագախմբում: 1892-94թթ. Մոսկվայում կոմպոզիցիայի տեսություն է ուսումնասիրել Ն.Ս. Կլենովսկու մոտ, իսկ 1896-1900թթ.` Սանկտ Պետերբուրգում` Ն.Ա. Ռիմսկի-Կորսակովի մոտ:
Նրա երաժշտական ճաշակի և ինքնատիպ ձեռագրի ձևավորման վրա մեծ ազդեցություն են ունեցել մշակույթի առաջատար ռուս և հայ հանճարների շրջապատում գտնվելը, ինչի արդյունքում կայացել է Սպենդիարով երաժիշտն ու երգահանը:
Դեռ մանկության տարիներից նրան ծանոթ է եղել Ղրիմի ազգային երաժշտական ոճը: Երկար տարիներ բնակվել է Ղրիմում և ծավալել երաժշտական ակտիվ գործունեություն: Ղեկավարել է բազմաթիվ երաժշտական նվագախմբեր, հիմնել է տասնյակ երաժշտական դպրոցներ, մշակել է բազմաթիվ երգեր և ստեղծագործություններ:
Հեղինակային համերգաշարերով հանդես է եկել Ռուսաստանի խոշոր քաղաքներում:
1924թ. հաստատվել է հայրենիքում և ակտիվ մասնակցել Հայաստանի Գիտության և արվեստի ինստիտուտի, պետական կոնսերվատորիայի, սիմֆոնիկ նվագախմբի, երաժշտական հրատարակչության հիմնադրման աշխատանքներին:
Իր ստեղծագործական կարիերայի բուռն ծաղկման շրջանում այնպիսի հրաշալի գործեր է ստեղծել, ինչպիսիք են «Ալմաստ» օպերան, «Երևանյան էտյուդներ» և «Ղրիմի էսքիզներ» ստեղծագործությունները: Գրել է ստեղծագործություններ նվագախմբերի համար: Հայտնի են Խ.Աբովյանի «Վերք Հայաստանի» մոտիվներով գրված «Այնտեղ, այնտեղ, դեպ վեր այն դաշտը», «Առ Հայաստան», «Մենք կհանգստանանք» և այլ ստեղծագործություններ:
Հայ դասականը մահացել է 1928թ. մայիսի 7-ին Երևանում:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում