Երիտասարդը լսում է, բայց ականջը չկա. «Գյումրի» ԲԿ-ի փոխտնօրեն
Շիրակի մարզի Առափի գյուղում երեկ տեղի ունեցած վիճաբանության հետևանքով ականջը կորցրած երիտասարդի` 23-ամյա Տ. Ա.-ի վիճակը կայուն է, և նա համապատասխան բուժում է ստանում: Այդ մասին Panorama.am-ին տեղեկացրեց «Գյումրի» բժշկական կենտրոնի բուժական գծով փոխտնօրեն Արմեն Խաչատրյանը:
«Երիտասարդի վիճակը կայուն է: Նրա ականջը, ականջախեցին կտրված է, չկա, բայց նա կարողանում է լսել, ներքին լսողական ապարատին ոչինչ չի պատասհել», -հավելեց Խաչատրյանը:
Նրա խոսքով, բուժումն ստանալուց հետո արդեն հնարավոր կլինի մտածել պլաստիկ վիրահատության մասին, որպեսզի արտաքին լսողական օրգանը հնարավոր լինի վերականգնել:
Ավելի վաղ Panorama.am-ը տեղեկացրել էր, որ փետրվարի 16-ին երեկոյան արտառոց դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում. վիճաբանության ժամանակ երիտասարադներից մեկը դանակի հարվածով կտրել էր 23-ամյա Տ. Ա.-ի ականջը: դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ Քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով ` «Դիտավորությամբ մեկ ուրիշի առողջությանը ծանր վնաս պատճառելը, որը վտանգավոր է կյանքի համար կամ առաջացրել է տեսողության, խոսքի, լսողության կամ որևէ օրգանի կամ օրգանի ֆունկցիայի կորուստ»: 24-ամյա Ա. Հ.-ն հանվանքը կատարելու կասկածանքով ձերբակալվել է և տվել ինքնախոստովանական ցուցմունք: Կասկածյալը մասնավորապես, իր ցուցմունքներում ասել է, որ երիտասարդների միջև վեճը ծագել է աղջկա վերաբերյալ ֆեյսբուքյան քննարկումների արդյունքում: Այդպիսով ձերբակալվածը փորձել է պաշտպանել քրոջը: