Իրանը՝ որպես տարանցիկ երկրներ դիտում է միայն Հայաստանին ու Վրաստանին
Իրանի էներգետիկայի նախարար Համիդ Չիթչիանը Վրաստանի փոխվարչապետ, էներգետիկայի նախարար Կախա Կալաձեի հետ հանդիպմանը հայտարարել է, որ Իրանը հնարավորություն ունի Հայաստանի տարածքով էլեկտրաէներգիա արտահանել Վրաստան:
Թեհրան կատարած այցի ընթացքում Վրաստանի փոխվարչապետն իրանական կողմի հետ քննարկել է գազի և էլեկտրաէներգիայի ներկրման, ինչպես նաև պետրոքիմիական արդյունաբերության ոլորտում համատեղ ներդրումներ կատարելուն առնչվող հարցեր:
Անդրադառնալով Վրաստանի՝ Իրանից գազ ներկրելու ցանկությանը՝ նշենք, որ վերջին շրջանում թեմայի առնչությամբ հակասական հայտարարություններ են հնչում, արդյոք իրանական գազը Վրաստան կարտահանվի Հայաստանի՞, թե՞ Ադրբեջանի տարածքով:
Նշենք, որ ԻԻՀ նավթի նախարարության պաշտոնական կայքի փոխանցմամբ՝ Իրանի նավթի նախարար Բիժան Զանգանեն հայտարարել է, որ «Վրաստանի փոխվարչապետի հետ քննարկել է Վրաստանի կարիքների համար իրանական գազն այդ երկիր արտահանելու հարցը»՝ չմանրամասնելով, թե տարանցիկ երկիրը որն է լինելու:
Իրանի գազի արտահանման ազգային ընկերության գործադիր տնօրեն Ալի Ռեզա Քամելիի խոսքով՝ վրացական կողմի հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել 7 ամսվա ընթացքում 200 մլն. խմ. գազ արտահանել Վրաստան: Իրանցի պաշտոնյան ակնարկել է, որ վրացական կողմը գազի արտահանման համար պետք է բանակցի Հայաստանի հետ:
Թեև վրացական կողմը հայտարարում է, որ իրանական գազը կարող է ներկրել ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի տարածքով, սակայն մեր կարծիքով Թբիլիսիի համար նախընտրելի կլինի Հայաստանը, քանի որ դա Վրաստանին և Ռուսաստանին համագործակցության հնարավորություն կտա: Չի բացառվում, որ Ադրբեջանի հետ իր հարաբերությունները չվատթարացնելու համար Վրաստանը կփորձի ինչ-որ քանակությամբ գազ ներկրել նաև Ադրբեջանի տարածքով:
Անդրադառնալով էլեկտրաէներգիայի ոլորտին՝ նկատենք, որ 2015թ. վերջին Հայաստանը, Իրանը, Վրաստանը և Ռուսաստանը պայմանավորվեցին ստեղծել չորս երկրները կապող էներգետիկ միջանցք: Իրանի էներգետիկայի նախարար Համիդ Չիթչիանը Կախա Կալաձեի հետ հանդիպմանը ևս անդրադարձել է այդ պայմանավորվածությանը՝ նշելով, որ Հայաստան-Իրան էլեկտրահաղորդման երրորդ գծի շինարարության ավարտից հետո Իրանը հնարավորություն կունենա Հայաստանի տարածքով էլեկտրաէներգիա արտահանել Վրաստան:
Հավելենք, որ Իրանի «Արտահանման և զարգացման բանկը» էլեկտրահաղորդման երրորդ գծի շինարարությունն ավարտին հասցնելու նպատակով 83 միլիոն եվրո գումար կհատկացնի:
Ինչ վերաբերում է այն հարցին, թե իրանական գազը կամ էլեկտրաէներգիան Վրաստան կարտահանվեն Հայաստանի թե Ադրբեջանի տարածքով, ապա դա պետք է պայմանավորել մի քանի գործոնով՝ քաղաքական, տնտեսական, անվտանգության միջավայր, արդիական ենթակառուցվածքներ և այլն:
Եթե տարիներ ի վեր Իրանի համար Եվրոպայի հետ կապվելու ամենահարմար ճանապարհը Թուրքիան էր, ապա վերջին տարիներին ինչպես Սիրիայի հարցում Թեհրանի և Անկարայի ունեցած տարաձայնությունները, այնպես էլ Թուրքիայի ներսում անվտանգության միջավայրի վատթարացումը պաշտոնական Թեհրանին ստիպեցին Եվրոպային կապվելու այլ ուղիներ փնտրել:
Մասնավորապես ներկայում Թեհրանում դիտարկվում է Իրան-Հայաստան (կամ Ադրբեջան)-Վրաստան- Սև ծով-Բուլղարիա-Հունաստան տարանցիկ ճանապարհը:
Այդ համատեքստում նշենք, որ պատժամիջոցների վերացման մասին պաշտոնական հայտարարությունից հետո Իրանի նախագահն առանձին հեռախոսազրույցներ ունեցավ Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի ղեկավարների հետ:
Ուսումնասիրելով այդ հեռախոսազրույցների բովանդակությունը՝ կարող ենք փաստել, որ Իրանը՝ որպես տարանցիկ երկրներ է դիտում է միայն Հայաստանին Վրաստանին:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան