Շիրակի մարզում աղջկա վերաբերյալ ֆեյսբուքյան վեճից հետո երիտասարդը կտրել է մյուսի ականջը
Փետրվարի 16-ին երեկոյան արտառոց դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում. վիճաբանության ժամանակ երիտասարադներից մեկը դանակի հարվածով կտրել է 23-ամյա Տ. Ա.-ի ականջը:
Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում Շիրակի մարզի դատախազ Րաֆֆի Ասլանյանը տեղեկացրեց, որ դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ Քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով ` «Դիտավորությամբ մեկ ուրիշի առողջությանը ծանր վնաս պատճառելը, որը վտանգավոր է կյանքի համար կամ առաջացրել է տեսողության, խոսքի, լսողության կամ որևէ օրգանի կամ օրգանի ֆունկցիայի կորուստ»:
Շիրակի մարզի դատախազը նաև տեղեկացրեց, որ 24-ամյա Ա. Հ.-ն հանցանքը կատարելու կասկածանքով ձերբակալվել է և տվել ինքնախոստովանական ցուցմունք:
Դատախազի խոսքով, կասկածյալը իր ցուցմունքներում ասել է, որ երիտասարդների միջև վեճը ծագել է աղջկա վերաբերյալ ֆեյսբուքյան քննարկումների արդյունքում: Ձերբակալվածը փորձել է պաշտպանել քրոջը:
Նշենք, որ դեպքը տեղի է ունեցել Շիրակի մարզի Առափի գյուղի ռեստորանի մուտքի մոտ: