Սուրենյան. Վաղը Երևանում և մի շարք մարզերում կանխատեսվում է ռեկորդային բարձր ջերմաստիճան
Փետրվարի 15-ից հանրապետության տարածք ներթափանցած հարավային տաք օդային հոսանքները առաջ բերեցին օդի ջերմաստիճանի էականորեն բարձրացում: Ամենաբարձր ջերմաստիճանը գրանցվեց Բագրատաշենում +22, Իջևանում +20, Դիլիջանում +19, Կապանում +18, Արարատյան դաշտում +15...+16, Երևանում +15: Ներկա պահին օդի ջերմաստիճանի բարձրացումը շարունակվում է, երեկվա հետ համեմատած եղանակը այսօր տաքացել է ևս 3-4 աստիճանով: Նման տվյալներ Panorama.am-ի հետ զրույցում ներկայացրեց ՏԿԱԻՆ Հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը:
«Փետրվարի 18-ին Երևանում կանխատեսված է +16...+18 աստիճան տաքություն, որի արդարացման դեպքում կգրանցվի ջերմաստիճանային ռեկորդ, մինչև այսօր այդ ռեկորդը 1979 թվականի փետրվարի 18-ն է, երբ Երևանում գրանցվել է +14...+15 աստիճան տաքություն: Ավելացնեմ նաև, որ այսօր օդի օրական միջին ջերմաստիճանը հանրապետության տարածքում կլիմայական նորմայից բարձր է 8-13 աստիճանով»,-ասաց նա:
Հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի կանխատեսումների համաձայն, առաջիկա օրերին ջերմաստիճանը կնվազի, փետրվարի 19-ին Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում այն կնվազի 8-10 աստիճանով, իսկ մյուս շրջաններում 4-5 աստիճանով: Փետրվարի 19-ին միայն Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում, իսկ փետրվարի 20-ին շրջանների զգալի մասում նաև կսկսվեն տեղումներ, լեռնային գոտիներում թաց ձյան, իսկ նախալեռներում և հովտային շրջաններում անձրևի տեսքով: