Թաթուլ Մանասերյան. 3.1% տնտեսական աճը խիստ անբավարար է
Տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը, վկայակոչելով Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած ամփոփ տվյալները, 2015-ը գնահատում է որպես դժվարին ու արտաքին և ներքին մարտահրավերներով լի տարի:
«Կարևորագույն խնդիրներից մեկն էլ այն էր, որ Հայաստանը փորձում էր բարելավել տնտեսական ցուցանիշները: Առաջինը տնտեսական ու արտահանման աճին միտված ծրագրերն էին, որոնք միշտ չէ, որ տվել են ակնկալվող արդյունքը»,-լրագրողների հետ հանդիպմանն ասաց Թ. Մանասերյանը:
Նա պարզունակ մոտեցում որակեց այն տեսակետը, որ Հայաստանի տնտեսական դժվարությունները պայմանավորված են Ռուսաստանի տնտեսության վիճակով, ինչպես նաև ԵՏՄ անդակամցությամբ:
«Նման գայթակղություն ունեցան նաև միջազգային կառույցներ: Այդ կանխատեսումները, որ փորձեցին անել վարկանշային ու ֆինանսական կազմակերպություններ, բացարձակ ձախողվեցին: Հիշեցնեմ, որ Հայաստանի համար գուժում էին 0-ին մոտ աճ, նույնիսկ անկում»,-ասաց բանախոսը, ավելացնելով, որ 2015-ին Հայաստանում արձանագրվել է 3.1 տոկոս տնտեսական աճ:
Մանասերյանի կարծիքով, գրանցված տնտեսական աճը խիստ անբավարար է, քանի որ «մեր ներուժը շատ ավելին է, բայց ամեն ինչ համեմատության մեջ է ընկալվում, հետխորհրդային տարածքում դա մեծ ձեռքբերում կարելի է համարել»:
Տնտեսագետը սրան գումարում է ազգային արժույթի կայունությունը, հաշվի առնելով, որ տարածաշրջանի շատ երկրներում ազգային արժույթի երկնիշ, որոշ դեպքերում նույնիսկ եռանիշ անկում է գրանցվել:
«Ուզում եմ կրկնել, ինձ համար որպես տնտեսագետ, շատ ավելին կա, որ չի իրացվել, բայց դա բնականաբար պետք է տեղափոխել 2016 թ. ակնկալիքների դաշտ: Մեր սպասելիքները կարելի է կառուցել մի քանի ուղղություններով»,-ասաց նա:
Տնտեսագետի առաջարկները՝ տեսանյութում: