Դրաժեն Բրայկովիչը կգլխավորի Հայաստանի բասկետբոլի երիտասարդական հավաքականը
Հայաստանի բասկետբոլի մինչև 20 տարեկանների հավաքականի գլխավոր մարզիչ է նշանակվել խորվաթ փորձառու մասնագետ Դրաժեն Բրայկովիչը:
Բրայկովիչի գլխավորությամբ Հայաստանի թիմը հանդես կգա հուլիսին Հունաստանում կայանալիք Եվրոպայի «B» դիվիզիոնի առաջնությունում:
Դրաժեն Բրայկովիչը ներկայումս գլխավորում է Սլովակիայի բարձրագույն խմբում հանդես եկող «Կոշիցե» ակումբը: Այս մասին տեղեկացնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:
54-ամյա խորվաթ մասնագետը 25 տարվա աշխատանքային փորձ ունի: Նախկինում նա աշխատել է մի շարք ակումբներում և հավաքական թիմերում: Դրաժեն Բրայկովիչի գլխավորությամբ Խորվաթիայի մինչև 16 տարեկանների հավաքականը 2010 թ. դարձել է Եվրոպայի չեմպիոն:
Բրայկովիչը աշխատել է նաև հարևան Վրաստանում՝ գլխավորելով այդ երկրի ազգային հավաքականը 2004-2005 թթ.: Այդ ընթացքում նա գլխավորել է նաև Թբիլիսիի «Դինամոն»:
Հայաստանի երիտասարդական հավաքականը հայտնվել է Եվրոպայի «B» դիվիզիոնի առաջնության «A» ենթախմբում, որտեղ մրցելու է Մոնտենեգրոյի, Մակեդոնիայի, Պորտուգալիայի և Վրաստանի հավաքականների հետ:
Եվրոպայի առաջնությունը տեղի է ունենալու Հունաստանի Խալկիդա քաղաքում, հուլիսի 15-24-ը: