«Գիտելիքների հանրագիտարան» գիրքը Հայաստանում ռեկորդային վաճառք է գրանցել
Երևանի պետական կամերային թատրոնում այսօր տեղի ունեցավ հանրահայտ «Dorling Kindersley» հրատարակչության «Գիտելիքների հանրագիտարան» գրքի հայերեն թարգմանության շնորհանդեսը, որը հեղինակել է «Բուկինիստ» հրատարակչությունը:
«Բուկինիստ» ընկերության տնօրեն Խաչիկ Վարդանյանը նշեց, որ հատուկ հայ ընթերցողի համար Dorling Kindersley հրատարակչության «Գիտելիքների հանրագիտարան» գրքում ավելացված է առանձին «Հայաստան» բաժինը, որի խմբագիրն է պատմաբան, պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ Արտակ Մովսիսյանը:
Հանրագիտարանն աննախադեպ և ստույգ մանրամասներով բացահայտում է տիեզերքի, երկրի, բնության, մարդու, գիտության և պատմութան հրաշքները: «Երբ թերթում էի գիրքը, տեսա «Հին Հռոմ», «Հին Արևելք», «Օսմանյան Կայսրություն» բաժինները, մինչդեռ Հայաստանի մասին ոչինչ չկար: Բոլոր բաժինների հոդվածները ներկայացված են 4 էջով, իսկ «Հայաստան» բաժինը՝ 16»,- ասաց Խաչիկ Վարդանյանը:
Համալրված լինելով ապշեցուցիչ փաստերով, համապարփակ ժամանակագրությամբ, զարմանահրաշ նկարներով՝ այս ընտանեկան հանրագիտարանը նույնիսկ բարդ երևույթներն է դարձնում հեշտ ընկալելի: «Տեղեկատվության մատուցման լիարժեք պատկերավոր համակարգը ցույց է տալիս այն, ինչի մասին այլ գրքերում միայն գրված է»,- նշեց Խաչիկ Վարդանյանը:
Նրա խոսքերով՝ «Գիտելիքների հանրագիտարան» գիրքը ռեկորդային վաճառք է գրանցել Հայաստանում. հրատարակվել է 3000 օրինակով՝ նախատեսելով երեք տարում սպառելու համար, սակայն երկու ամսում արդեն իսկ վաճառվել է 700 օրինակ: «Սա նշանակում է, որ մեկ տարի հետո գիրքը կսպառվի: Այս ամենից հետո հասկացա, որ «Գիտելիքների հանրագիտարանը» եղած մանկական հանրագիտարանների մեջ լավագույնն է, մենք ճիշտ ընտրություն ենք կատարել»,- ասաց «Բուկինիստ» գրախանութի տնօրենը:
Խաչիկ Վարդանյանը նշեց նաև, որ այս հանրագիտարանի առավելություններից մեկն այն է, որ նախատեսված է ընթերցողների լայն շերտի համար. «Երբեմն կատակով ասում եմ՝ գիրքը նախատեսված է 2-ից 100 տարեկան երեխաների համար: Թեև սա մանկական հանրագիտարան է, բայց ինքս էլ համոզվեցի, որ շատ արժեքավոր ինֆորմացիա կա նաև մեծերի համար»:
Շնորհանդեսին ներկա ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանն էլ նշեց, որ արդեն ձեռք է բերել գրքից մի քանի օրինակ՝ բարեկամներին նվիրելու նպատակով. «Երբ թերթում ես գիրքը, «համացա՞նց, թե գիրք» հարցադրումը վերանում է: Կարծում եմ, որ այս նախաձեռնությունը կօգնի երեխաներին ավելի կապվել տպագիր գրքի հետ: Ուրախ եմ, որ գրքի շնորհանդեսը տեղի է ունենում Գիրք նվիրելու օրվան ընդառաջ և միաժամանակ առիթ է՝ հասկանալու, թե ինչ գիրք կուզենայինք նվիրել մեր ընտանիքներին, մեր երեխաներին»:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները