Իրանը Վրաստանին գազ կմատակարարի Հայաստանի տարածքով
Թեհրանը Թբիլիսիի հետ բանակցություններ է վարում Հայաստանի տարածքով 200 մլն խմ գազ մատակարարելու վերաբերյալ: Այս մասին հայտարարել է Իրանի պետական գազային ընկերության ղեկավար Ալի Ռեզու Քամելի: Այս մասին փոխանցում է Ria.ru-ն:
«Վրաստանի հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, մենք պետք է գազը առաքենք մինչև Հայաստանի սահման, իսկ Վրաստանը իր սահմանին գազը կստանա Հայաստանից»,- հայտարարել է Քամելին՝ ընդգծելով, որ Վրաստանը դեռ պետք է թույլտվություն ստանա Հայաստանից՝ հարևան երկրի տարածքով գազի տարանցման համար:
Քամելիի խոսքով՝ գազի առաքումը նպատակ ունի բավարարել Վրաստանի ներքին պահանջարկը և դեպի Եվրոպա տարանցման նպատակ չի հետապնդում:
«Նոր պայմանագիրը կստորագրվի 7 ամսով ու հիմք կծառայի այդ ոլորտում համագործակցության հետագա ընդլայնման համար: Եթե հաստատվի գործարքի տնտեսական նպատակահարմարությունը, հետագայում խոսք կարող է գնալ Վրաստան գազի մատակարարման միջնաժամկետ ու երկարաժամկետ պայմանագրերի մասին»,- հայտնել է Քամելին: