Անկարայում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով զոհերի թիվը հասել է 28-ի
Նախօրեին Թուրքիայում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով զոհերի թիվը հասել է 28-ի: 61 մարդ տուժել է: Այս մասին գրում է Ռիա նովոստին:
Պայթյունը որոտացել է տեղական ժամանակով 18:31-ին Անկարայի կենտրոնական թաղամասում` խորհրդարանի, գլխավոր շտաբի և զինվորական հանրակացարանի մոտակայքում: Թուրքիայի ԶՈՒ գլխավոր շտաբի հայտարարության համաձայն, պայթյունը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ զինվորականներին տուն տեղափոխող ավտոբուսները խաչմերուկում կարմիր լույսի տակ կանգնած են եղել։ Զոհվածները հիմնականում զինվորականներ են, տուժել են նաև Անկարայի քաղաքացիներ, ովքեր այդ պահին գտնվել են այդ տարածքում:
Թուրքիայի ազգային անվտանգության ծառայությունը ենթադրում է, որ պայթյունը հնարավոր է կազմակերպած լինեն Քրդստանի աշխատավորական կուսակցության գրոհայինները:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն հետաձգել է Ադրբեջան այսօր կատարելիք այցը, իսկ վարչապետը՝ Բրյուսել:
Պայթյունից երեք ժամ անց Թուրքիայում հրավիրվել է Ազգային անվտանգության խորհրդի նիստ՝ երկրի ղեկավարի գլխավորությամբ, որտեղ քննարկել են ահաբեկչությունն ու այլ կարևոր թեմաներ:
Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան շարունակում է պայքարել ահաբեկչության դեմ ինչպես երկրի ներսում, այնպես է երկրի սահմաններից դուրս. «Մենք դատապարտում ենք Անկարայում տեղի ունեցած ահաբեկչությունը: Մենք շարունակելու ենք պայքարը ահաբեկչության դեմ: Զոհերը, որ մենք ունենում ենք ահաբեկչությունների հետևանքով, լցնում են մեր համբերության բաժակը»:
Գարմանիան, ԱՄՆ-ը դատապարտել են Թուրքիայի մայրաքաղաքում ահաբեկչությունը:
Դաշնության խորհրդի պաշտպանության և անվտանգության հարցերի կոմիտեի փոխնախագահ Ֆրանց Կլինցևիչը լրագրողներին հայտարարել է, որ Անկարայում տեղի ունեցած ահաբեկչությունն ուղղված էր Սիրիայի հարցով խաղաղ բանակցությունների ձախողմանը:
«Կասկած չկա, որ այս հանցագործության կազմակերպիչները նպատակ ունեին էլ ավելի սրել իրավիճակը Մերձավոր Արևելքում: Նրանց այդ քայլն ուղղված էր հենց սիրիական հարցով բանակցությունների ձախողմանը: Ռուսաստանը չի ընդունում ահաբեկչական գործողությունները որպես ցանկացած վիճահարույց հարցի լուծման միջոց: Այդ քայլի որևէ արդարացում չկա: Մենք դատապարտում ենք Անկարայի կենտրոնում տեղի ունեցած ահաբեկչությունը»,- ասել է նա:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը նույնպես դատապարտել է Անկարայում տեղի ունեցած ահաբեկչությունը, հույս է հայտնել, որ կատարողներն արագ կբացահայտվեն և կպատժվեն:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան