Գազ՝ էլէներգիայի դիմաց պայմանագրի շրջանակում շարունակելու ենք համագործակցությունը. ՀՀ-ում Իրանի դեսպան
«Իրան-Հայաստան արդեն գոյություն ունեցող «Գազի դիմաց էլեկտրաէներգիայի հաղորդման գործընթացի համակարգման» պայմանագրի շրջանակում շարունակելու ենք մեր համագործակցությունը: Կփորձենք այդ շրջանակում ընդլայնել Իրանի և Հայաստանի միջև համագործակցությունը», - Երևանում կայացած հայ-իրանական միջազգային գիտաժողովի ընթացքում լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադին:
Պատասխանելով հարցին, թե բանակցությունները միայն գազ-էլեկտրաէներգիա գործարքի շրջանակներո՞ւմ են, թե հնարավոր է այդ գործարքից դուրս էլ բանակցություններ տարվեն, այսինքն՝ ՀՀ-ն ուղիղ գազ գնի իր կարիքների համար, դեսպանը նշեց, որ այս պահի դրությամբ աշխատում, համագործակցում են այն համաձայնագրի շրջանակում, որը կնքվել է երկու երկրների միջև. «Անշուշտ, եթե ապագայում այլ որոշումներ կայացվեն, այդ մասին անպայման կտեղեկացնենք»:
Սեյեդ Քազեմ Սաջադիի խոսքով, Իրանն ու Հայաստանը համարվում են հարևան երկրներ և տնտեսական հարաբերությունները զարգացնելու առումով որևէ սահմանափակում չկա:
«Վերջին ժամանակահատվածում ակտիվացել են երկու երկրների բարձրաստիճան պաշտոնյաների միջև փոխադարձ այցերը, մոտ ապագայում ականատես կլինենք երկու երկրների հարաբերությունների առավել զարգացմանը: Կարծում եմ, որ երկու երկրները կօգտվեն միմյանց հնարավորություններից»,-ասաց դեսպանը:
Ի պատասխան հարցի, թե Իրանի նկատմամբ պատժամիջոցների վերացումից հետո Հայաստան-Իրան քաղաքական հարաբերություններն ի՞նչ ընթացք կարող են ստանալ, նա ասաց. «Անգամ պատժամիջոցների ժամանակ մենք շատ լավ հարաբերություններ ենք ունեցել Հայաստանի հետ, իսկ պատժամիջոցների չեղարկելուց հետո այդ հարաբերություններն էլ ավելի կզարգանան: Իրանը և Հայաստանն ամենածանր պայմաններում միշտ միմյանց օգնել են և այդ համագործակցությունն ու վերաբերմունքը կշարունակվի նաև հետագայում»:
Խոսելով Իրան-Հայաստան երկաթգծի մասին, դեսպանն ասաց, որ Հայաստանի կապի և տրանսպորտի, Իրանի ճանապարհների և քաղաքաշինության նախարարությունները բանակցել են այդ հարցի շուրջ և մոտ ապագայում նախատեսվում է Իրանից փորձագետների և մասնագետների այցելություն Հայաստան՝ տեխնիկական հիմնավորումներն ուսումնասիրելու համար:
Նշենք, որ ԵՊՀ Պալեանների անվան դահլիճում կայացել է «Հայաստանի Հանրապետություն-Իրանի Իսլամական Հանրապետություն. համագործակցության 25 տարին» խորագրով միջազգային գիտաժողով:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան