Վերջին 170 տարիների ամենատաք փետրվարներից մեկն է. Սուրենյան
Եթե այսօր գրանցվի 18-19 աստիճան տաքություն, դա կլինի Հայաստանի օդերևութաբանության պատմության, որը սկսվել է 1843 թվականից, ամենատաք փետրվարի 18-ը: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց ՏԿԱԻՆ Հիդրոմետ ծառայության Օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը:
Նա նշեց, որ այս տարի ձմեռը տաք է եղել ամբողջությամբ՝ նորմայից 2-3 աստիճան բարձր. «Փետրվարը նույնպես սկսվեց տաք, իսկ փետրվարի 15-16-ին ջերմաստիճանը թռիչքաձև բարձրացավ: Առավելագույն ջերմաստիճանը գրանցվեց Սյունիքի և տավուշի հովիտներում՝ հասնելով մինչև 20-22 աստիճան, իսկ երեկ Արարատյան դաշտավայրում գրանցվել է 17-18 աստիճան տաքություն: 18 աստիճան տաքություն է գրանցվել նաև մայրաքաղաքում»:
Սուրենյանն ասաց, որ ներկայիս ջերմային ֆոնը կլիմայական նորմայից բարձր է 8-12 աստիճանով: Սա վերջին 170 տարիների ընթացքում ամենատաք փետրվարներից մեկն է:
Անդրադառնալով առաջիկա կանխատեսումներին՝ Հիդրոմետ ծառայության Օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալը տեղեկացրեց, որ վաղը հյուսիս-արևելքից հանրապետության տարածք կներթափանցեն ցուրտ օդային հոսանքներ, որոնք հատկապես մեծ ազդեցություն կունենան Լոռու, Տավուշի, Սյունիքի և Արցախի ջերմային ֆոնի վրա, կդիտվի նվազում 8-10 աստիճանով: Իսկ մյուս շրջաններում և մայրաքաղաքում օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով:
«Նվազած ջերմային ֆոնը կմնա մինչև փետրվարի 21-ը, իսկ 22-ից կրկին ցուրտ օդային հոսանքները կնահանջեն և այս անգամ արդեն Իրաքի տարածքից հանրապետության տարածքին կմոտենա հաջորդ տաք օդի ալիքը և օդի ջերմաստիճանը որքան որ նվազել էր, այդքան էլ կբարձրանա»,-նշեց նա:
Սուրենյանի տեղեկացմամբ՝ փետրվարի 23-24-ին կրկին Արարատյան դաշտում կլինի մոտավորապես 15-16 աստիճան տաքություն, իսկ Տավուշի և Սյունիքի հովտային հատվածներում՝ մինչև 17-20 աստիճան:
«Ըստ նախնական կանխատեսումների բարձր ջերմային ֆոնը կպահպանվի ամբողջ փետրվարին: Լուրջ տեղումներ սպասվում են միայն փետրվարի 20-ին»,-հավելեց նա:
Ինչ վերաբերում է մարտին՝ նշեց, որ ամսվա համար վերջնական կանխատեսումներ չկան, բայց որոշ եզրակացություններով մարտը նույնպես կլինի տաք: