Երկու տարի է հայկական բալետը ոչինչ չի կարողացել անել. ՀՀ ժողովրդական արտիստ
«Երկու տարի է հայկական բալետը ոչինչ չի ստեղծել, ոչինչ չի կարողացել անել: Ցավով եմ ասում»,- ասուլիսում ասաց Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բալետմայստեր, ՀՀ ժողովրդական արտիստ Ռուդոլֆ Խառատյանը:
Նա նշեց, որ երկար տարիներ աշխատելով ԱՄՆ-ում, վերադարձավ Հայաստան իր հետ բերելով իր նորարարությունները, սակայն երեք տարի շարունակ չկարողացավ դրանք ներմուծել հայկական բալետային թատրոն:
«Ֆիզիկական, հոգևոր, մտային աշխատանք էր պահանջում: Այն երիտասարդները, ովքեր կարողացան հետևել, առաջխաղացում ունեցան, իսկ մյուսները, ովքեր սովոր չէին աշխատելու, ըմբոստացան, հետո ստորագրահավաք սկսեցին, որը Հայաստանում մոդայիկ է: Հետո վերևից պաշտոնյաներն իրենց օգնեցին առանց հասկանալու՝ Հայաստանին բալետ պետք է, թե ոչ: Ջարդվեց»,- ասաց Ռ.Խառատյանը:
2014 թ. ապրիլի 22-ին Երեւանի Ալ.Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի գլխավոր բալետմայստեր, ՀՀ ժողովրդական արտիստ Ռուդոլֆ Խառատյանն աշխատանքից ազատվելու դիմում էր ներկայացրել: Նրան այդ պաշտոնում փոխարինել է ՀՀ ժողովրդական արտիստ Վիլեն Գալստյանը: Խառատյանը թատրոնում շարունակել է աշխատել աշխատել որպես հրավիրյալ բալետմայստեր: Հիշեցնենք, որ բալետի խումբը Ռուդոլֆ Խառատյանի դեմ ստորագրահավաք էր իրականացրել:
Խոսելով հայկական բալետային արվեստի մասին և պատասխանելով հարցին, թե արդյո՞ք Հայաստանը կարող է խաչատրյանական արվեստի հենքի վրա ունեցած գործերով արժանի տեղ գրավել համաշխարհային մշակույթում, նա ասաց. «Բալետային լեզվում կարող են ազգագրականից, ֆոլկլորից տարրեր լինել, բայց ներկայացումն ամբողջությամբ չի կարող անսամբլային, ֆոլկլորային լինել»:
Ռ. Խառառյանի խոսքով, ժամանակին ցանկանում էր Նյու Յորք Սիթի բալետից պարուսույց հրավիրել, որպեսզի բեմադրի Ա.Խաչատրյանի «Գայանե» բալետը նոր ձևով:
«Այսօր ինձ համար էլ շատ դժվար է: Երբ «Գայանե»-ի երաժշտությունը լսում ես, կան ձևավորված շարժումներ, որոնք ուզում ես անել: Պետք է մի մարդ հրավիրել, որ զերծ է այդ ձևերից, ով կկարողանա ազատ ձևով ներկայացնել՝ փոխված լիբրետոյով: Հույս ունեմ՝ դեռ կմտածեն այդ ուղղությամբ: Ափսոս է այդ երաժշտությունը»,- ասաց ՀՀ ժողովրդական արտիստը: