Moody’s-ը վատացրել է Ռուսաստանի ՀՆԱ-ի վերաբերյալ կանխատեսումները
Միջազգային վարկանիշային Moody’s գործակալությունը վատացրել է Ռուսաստանի ՀՆԱ-ի վերաբերյալ իր կանխատեսումները` նշելով 2,5% անկում: Ավելի վաղ գործակալության մասնագետները ենթադրում էին, որ տնտեսական անկումը կկազմի 1%:
BBC գործակալության փոխանցմամբ` վարկանիշային գործակալության հրապարակած հաղորդագրության մեջ ասվում է, որ կանխատեսումը վերանայվել է նավթի գների անկման հետևանքով, ինչպես նաև` կառավարության կողմից հավելյալ միջոցառումների կազմակերպումը, որոնք խստացնում են ֆիսկալ քաղաքականությունը` պետական պարտքի զսպման նպատակով:
Ռուսաստանի տնտեսական զարգացման նախարարությունը հունվար ամսին նույնպես վատացրել էր 2016թ-ի համար իր կանխատեսումները` 0,7% տնտեսական աճի փոխարեն կանխատեսելով 0,8% տնտեսական անկում:
Նախարարությունում նաև հայտարարել էին, որ նավթի 1 բարելի դիմաց 40 դոլար գնի պայմաններում երկրի պետական բյուջեն կկազմի 1,36 տրլն ռուբլի կամ ՀՆԱ-ի 3%-ը: Նավթի մեկ բարելի դիմաց 25 դոլար գնի պայմաններում պետական բյուջեի դեֆիցիտը կկազմի 7,5%:
Հիշեցնենք նաև, որ նախօրեին Standard and Poor’s միջազգային վարկանիշային կազմակերպությունը Ռուսաստանի համար վերահաստատել էր «BB+» գնահատականը` բացասական կանխատեսումով, որը տրվել էր նախորդ տարվա ընթացքում: