«Գյուղացիներին խորհուրդ ենք տալիս ավելորդ շտապողականություն չցուցաբերել». փոխնախարար
Երեկվա ամենաթարմ տվյալներով ամբողջ հանրապետության տարածքում, բարեբախտաբար, դեռևս բացված բողբոջներ չկան: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց գյուղատնտեսության փոխնախարար Գառնիկ Պետրոսյանը:
«Ջերմաստիճանի կտրուկ տատանումները ցանկալի չեն: Եթե շարունակվի բարձր ջերմաստիճանային ռեժիմը, դա կբերի նրան, որ պտղատու ծառատեսակների մոտ ակտիվ կենսական պրոցեսները ավելի վաղ կսկսվեն, ինչն էլ կբերի ավելի վաղ ծաղկման»,-նշեց գյուղատնտեսության փոխնախարարը:
Ըստ նրա, առաջիկա կանխատեսումները ցույց են տալիս, որ գիշերային ժամերին նույնպես դրական ջերմաստիճան կլինի, ինչը մտահոգիչ է:
«Սովորաբար, երբ բարձր ջերմաստիճան է գրանցվում, շատերի մոտ շտապողականություն է սկսվում, փորձում են օր առաջ դուրս գալ այգի, աշխատանքներ կատարել: Խորհուրդ ենք տալիս ավելորդ շտապողականություն չցուցաբերել»,-ասաց Գառնիկ Պետրոսյանը:
Այս ժամանակահատվածում և այս ջեմային պայմաններում պետք է իրականացնել պտղատու ծառատեսակների էտի ձևավորման աշխատանքներ. «Արարատյան դաշտում այս օրերին պետք է իրականացնել կորիզավոր պտղատեսակների էտի աշխատանքներ: Խաղողի այգիներում դեռևս որևէ միջոցառումներ իրականացնել խուրհուրդ չենք տալիս՝ ընդհուպ այգեբաց դեռևս պետք չէ կատարել»:
Ինչ վերաբերում է ցանքի և բաց դաշտում սածիլացման աշխատանքներին՝ փոխնախարարն ասաց, որ դեռևս որևէ խոսք լինել չի կարող, քանի որ շուրջ երկու ամիս վտանգավոր ժամանակահատված կա, երբ կարող են դիտվել ջերմաստիճանի կտրուկ անկումներ և ցրտահարություններ, ինչի մասին վկայում է տարիների փորձը:
«Ուշ գարնանային ցրտահարություններ կարող են գրանցվել մինչև ապրիլի 22-24-ը, այդ պատճառով էլ խորհուրդ է տրվում բաց բնահողում և դաշտում բանջարաբոստանային մշակաբույսերի սածիլացման աշխատանքներ կատարել ապրիլի 25-ից հետո՝ անկախ նրանից, թե դրանից առաջ ինչպիսին կլինի ջերմային ֆոնը»,-ընդգծեց Գ. Պետրոսյանը:
Անդրադառնալով Արարատյան հարթավայրում վաղահաս կարտոֆիլի տունկի աշխատանքներին, գյուղատնտեսության փոխնախարարն ասաց, որ այն կատարվում է մինչև մարտի 20-ը և խորհուրդ տվեց հենց այդ ժամանակ էլ կատարել: