«Լա բոհեմ», «Անուշ», «Գիլգամեշ» բալետները՝ օպերայի և բալետի թատրոնի բեմում
Աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի կյանքի և գործունեության վերաբերյալ Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բալետմայստեր Ռուդոլֆ Խառատյանը բալետ է նախապատրաստում: Այս մասին այսօր լրագրողներին հայտնեց ՀՀ ժողովրդական արտիստ Ռուդոլֆ Խառատյանը:
«Լա բոհեմ»-ը կլինի 40 րոպեանոց 1 գործողությամբ բալետ: Ներկայացված է լինելու Ազնավուրի 12 երգ:
«Ընտրել եմ երգեր, որոնցով կարելի է հետևել Ազնավուրի անցած ուղուն, կավարտվի «Լա բոհեմ» երգով,- ասաց բալետմայստերը:
Նախատեսված է, որ այս տարվա վերջին արդեն բեմադրությունը պատրաստ լինի:
Ռ. Խառատյանը տեղեկացրեց, որ իր հաջորդ աշխատանքը կլինի «Անուշ» բալետը, որը որևէ կապ չունի Արմեն Տիգրանյանի երաժշտության հետ:
«Կլինի ժամանակակից բալետային լեզու՝ հայկական դուդուկի, զուռնայի և դհոլի համադրությամբ: Այս համադրության մեջ ուզում եմ ստեղծել այն նորը, որով կարող ենք դուրս գալ միջազգային ասպարեզ: Բալետն այսօր արվեստի այն ձևն է, որի մեջ խոսք չկա, բայց կարելի է խոսել ազգի ոգու մասին, ցույց տալ ազգի ոգին»,- ասաց նա:
Ռ. Խառատյանը 2017-ին նախատեսում է բեմադրել «Գիլգամեշ» էպոսը:
«Մարդկության ստեղծած առաջին էպոսն է՝ Շումերների կողմից: Այն կապված է Հայաստանի հետ: Գիլգամեշը վերջում գալիս է Հայաստան, Մասիս լեռան տակ հանդիպում Նոյին, ով Աստծուց հավերժ ապրելու շնորհ էր ստացել: Հարցնում է, թե ինչպե՞ս անել, որ ինքն էլ հավերժ կյանք ունենա: Նոյն ասում է, որ անհնարին է, պետք է գործով հավերժ մնալ, ոչ թե կյանքով: Սա մեսիջ կլինի, որ ժողովուրդ, բավական է դիրքավորվեք, ասեք՝ ես եմ գլխավորը: Պետք է գործ անել ու գործով մնալ»,- ասաց ՀՀ ժողովրդական արտիստ Ռուդոլֆ Խառատյանը: