Անցյալից ապագա՝ Տերյան մշակութային կենտրոնի ստեղծած հագուստների միջոցով
Տերյան մշակութային կենտրոնը, որը 13 տարի գործունեություն է ծավալել հայկական տարազներ ստեղծելու և վերստեղծելու գործում, այժմ ստեղծել է ժամանակակից, արդի ձևածքներով, կրելի հագուստների իր հավաքածուն՝ կիրառելով հայկական միջնադարյան գորգերի թանգարանային նմուշների նախշեր ու հորինվածքներ: Panorama.am-ի հետ զրույցում ասաց Տերյան մշակութային կենտրոնի PR մենեջեր, արվեստաբան Անի Մարգարյանը:
«Հագուստների տարբեր մասերում հայկական գորգի թանգարանային նմուշի լուսանկարները պրիտ են արված, այսինքն գորգերի հորինվածքները խախտված չեն: Այսկերպ նաև քարոզում ենք հայկական գորգը»,- ասաց նա՝ հավելելով, որ ընտրել են հայկական ամենահայտնի գորգերը՝ «Արծվագորգ», «Վիշապագորգ», «Խնձորեսկ», «Ամարաս»:
Ինչո՞ւ մշակութային կենտրոնը որոշեց հիմա ստեղծել նման հավաքածու: Ըստ Ա.Մարգարյանի, ուսումնասիրությունների համաձայն, վերջին տարիներին էթնիկ մշակույթները հայտնվել են համաշխարհային ճանաչում ունեցող մոդելավորողների ուշադրության կենտրոնում:
Հավաքածուն, նրա խոսքով, իրենից ներկայացնում է թրենդային հագուստներ. «Կարծում ենք՝ ինչպես հայաստանցի նորաձև աղջիկներն ու կանայք, հույս ունենք նաև օտարազգի կանայք ու աղջիկները, կցանկանան կրել այս հագուստները»:
Հավաքածուն բաղկացած է 40 կտոր հագուստից, նույնքան զարդեղեն, պայուսակներ, կոշիկներ:
Նշենք, որ փետրվարի 19-ին Մեգերյան կարպետի ցուցասրահում կազմակերպվելու է այդ հագուստների հավաքածուի ցուցադրությունը՝ «Անցյալի ապագա» խորագրով:
Պատասխանելով հարցին, թե ցուցադրությունից հետո որտեղի՞ց կարելի է ձեռք բերել այդ հագուստները, Ա.Մարգարյանն ասաց, որ դեռևս չեն մտածել այդ ուղղությամբ. «Չգիտենք՝ արձագանքն ինչպիսին կլինի: Ցուցադրությունն ամեն ինչ ցույց կտա»: