Դիլիջանում պարտված թեկնածուն շնորհակալություն է հայտնել ԸԸՀ նախագահին
Դիլիջանում պարտված թեկնածուն շնորհակալություն է հայտնել թիվ 41 Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահին ընտրությունների արդար, հանգիստ անցկացման համար: Այս մասին Panorama.am-ին տեղեկացրեց հենց թեկնածուն՝ անկուսակցական, ինքնաառաջադրված Ժորա Սահաբալյանը:
ԿԸՀ պաշտոնական կայքէջում հրապարակված տվյալների համաձայն, փետրվարի 14-ին Դիլիջանում կայացած ՏԻՄ ընտրություններում հաղթել է Դիլիջանի նախկին քաղաքապետ, ՀՀԿ կողմից առաջադրված Արմեն Սանթրոսյանը: Նրա օգտին քվեարկել է 6797 ընտրող, իսկ անկուսակցական Սահաբալյանի օգտին՝ 4353 ընտրող:
«Ընտրությունները լավ էին կազմակերպել: Իմ վստահված անձինք խախտումներ չեն գրանցել: Նախատեսել էի, որ կհաղթեի, բայց այդքան ձայն եմ հավաքել, արդար է եղել»,-ասաց Սահաբալյանը:
Թիվ 41 ԸԸՀ նախագահ Աիդա Սարգսյանի խոսքով, ընտրությունների արդյունքներից գոհ են եղել և պարտվող, և հաղթող թեկնածուները: Երկար տարիներ հանձնաժողովը նախագահող կնոջ պրակտիկայում մի դեպք էլ է եղել, երբ պարտվող թեկնածուն շնորհակալություն է հայտնում:
«Էլի ըսենց մաքուր ընտրություններ էին: Կոնկրետ չեմ հիշում, որ համայնքում էր, բայց եղել է»,-ասաց Ա. Սարգսյանը:
Հիշեցնենք, որ համայնքերի խոշորացման արդյունքում անցած կիրակի ՏԻՄ ընտրություններ անցկացվեցին Դիլիջանում, Տաթևում, Թումանյանում:
«Վարչատարածքային բաժանման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ Սյունիքի մարզի Շինուհայր, Տաթև, Հալիձոր, Հարժիս, Սվարանց, Խոտ, Տանձատափ, Քաշունի, Տավուշի մարզի Դիլիջան, Հաղարծին, Թեղուտ, Գոշ, Աղավնավանք, Խաչարձան, Հովք, Լոռու մարզի Թումանյան, Մարց, Քարինջ, Լորուտ, Շամուտ, Աթան, Ահնիձոր համայնքները միավորվելով վարակազմակերպվել են նոր համայնքների՝ համապատասխանաբար՝ Տաթև, Դիլիջան և Թումանյան անվանումներով:
Հարակից հրապարակումներ`
- Գորիսի մամուլի ակումբի նախագահ. Սյունիքում վերջապես անցկացվեցին արդար ընտրություններ
- ԿԸՀ անդամ. Խոշորացված համայնքներում ՏԻՄ ընտրությունները դիտարկելու համար որևէ ՀԿ չի հավատարմագրվել
- Խոշորացված 3 համայնքներում հաղթանակ են տարել ՀՀԿ-ակաները
- ՀՀԿ-ն թեկնածուներ ունի բոլոր վերակազմավորված համայնքներում
- Համայնքների խոշորացման հետևանքով երեք մարզում նոր ընտրություններ կանցկացվեն