Գործադիրի ղեկավարը հանձնարարել է ակտիվացնել Իրանի հետ տրանսպորտային ոլորտում քննարկումները
Միջպետական և հանրապետական նշանակության ճանապարհների պահպանման ծրագրով իրականացվել են 5,9 մլրդ դրամի աշխատանքներ, այդ թվում՝ 3464.5 կմ ձմեռային և 2978.9 կմ ամառային ճանապարհների պահպանման աշխատանքներ: Տեղեկացրել է տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանն՝ այսօր կառավարությունում ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության 2015 թ. ընթացքում կատարված հիմնական աշխատանքների ամփոփման ժամանակ: Այս մասին հայտնում է կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:
Նախարարը հայտնել է, որ կատարվել է 1720 կմ երկարությամբ միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհների առանձին հատվածների ծածկի տեխնիկական վիճակի ուսումնասիրություն, ավարտվել է ՀՀ ընդհանուր օգտագործման ավտոճանապարհների ցանցի տեսաձայնագրությունը և այլն:
Գ. Բեգլարյանը նշել է, որ պետական նշանակության ավտոճանապարհների հիմնանորոգման ծրագրով` շուրջ 3.2 մլրդ դրամի հաշվին, իրականացվել են 43.09 կմ ընդհանուր երկարությամբ ավտոճանապարհների հիմնանորոգման աշխատանքներ, այդ թվում՝ շահագործման է հանձնվել 3.2 կմ երկարությամբ Վազաշեն-Պառավաքար շրջանցիկ ճանապարհը: Վարդենիս-Մարտակերտ մայրուղու հիմնանորոգման աշխա¬տանք¬ների իրականացման նպատակով «Հայաստան» համահայկական հիմնադրամին տրամադրվել է 5,24 մլրդ դրամ: Տրանսպորտային օբյեկտների հիմնանորոգման ենթածրագրի շրջանակներում 2015թ. կնքվել է 1,0 մլրդ դրամ ընդհանուր արժեքով Դիլիջանի թունելի հիմնանորոգման պայմանագիրը. արդեն սկսվել են աշխատանքները, որոնք նախատեսվում է ավարտել 2016-2017թթ:
Նախարարի խոսքով՝ «Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավում» Համաշխարհային բանկի վարկային ծրագրի շրջանակներում նախատեսվում էր իրականացնել շուրջ 97 կմ երկարությամբ ճանապարհահատվածների վերանորոգում: Ծրագրի իրականացման ընթացքում առաջացած տնտեսումների հաշվին կհիմնանորոգվեն ևս 38 կմ երկարությամբ լրացուցիչ ճանապարհահատվածներ:
Անդրադառնալով «Հյուսիս հարավ ճանապարհային միջանցքի» ծրագրին, նախարար Բեգլարյանը հայտնել է, որ ՀՀ նախագահի մասնակցությամբ 2015թ դեկտեմբերի 29-ին բացվել է ծրագրի Տրանշ 1-ի՝ շուրջ 31կմ երկարությամբ Երևան-Արտաշատ և Երևան-Աշտարակ ճանապարհահատվածի երկկողմանի երթևեկությունը: Տրանշ 3-ի շրջանակներում կառուցվելիք Լանջիկ-Գյումրի 27,5կմ հատվածի շինարարության տեխնիկական վերահսկող կազմակերպություն է ընտրվել Իտալական կոնսորցումը, իսկ չինական «Սինոհիդրո Քորփորեյշն» ընկերությունը կիրականացնի կառուցման աշխատանքները: Տրանշ 3-ի Թալին-Լանջիկ ճանապարհահատվածի կառուցման աշխատանքների համար հայտարարվել է միջազգային մրցույթ, արդյունքներն ամփովել են, պայմանագիրը կնքման փուլում է:
Նախարարը տեղեկացրել է նաև, որ վարկային միջոցների հաշվին իրականացվող ծրագրերը գերակատարվել են՝ Ասիական զարգացման բանկի աջակցությամբ իրականացվող Հյուսիս-հարավ տրանսպորտային միջանցքի զարգացման ծրագիր 1-ին Տրանշով՝ 2 մլրդ դրամով, և Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվող Կենսական նշանակության ճանապարհացանցի բարելավման ծրագրով՝ 8 մլրդ դրամով: 2015թ ՀՀ պետական բյուջե է մուտքագրվել 944.8 մլն դրամ տուրք և ոչ հարկային եկամուտներ պլանավորված 712.6 մլն դրամի դիմաց: Նշվել է , որ միջպետական 22 երթուղիների սպասարկման համար հայտարարվել է մրցույթ, իսկ երթուղիների սպասարկման համար 27 օտարերկրյա փոխադրողներին տրվել են 81 թույլտվություններ:
Վարչապետ Աբրահամյանը դրական է գնահատել տրասնպորտի և կապի նախարարության աշխատանքը և նշել, որ բավականին մեծ աշխատանք է կատարվել տարբեր ուղղություններով, այդ թվում՝ պետական, միջպետական և համայնքային նշանակության ճանապարհների վերանորոգման, գյուղական բնակավայրերում տրանսպորտի կազմակերպման:
Կարևորելով Իրանի հետ տրանսպորտային ենթակառուցվածքների ոլորտում համագործակցությունը, գործադիրի ղեկավարը հանձնարարել է ակտիվացնել քննարկումները դրանք գործնական փուլ տեղափոխելու համար:
Լրահոս
Տեսանյութեր
Կառավարության համար ՀՀ ո՞ր քաղաքացիներն են համարվելու իրական Հայաստանի քաղաքացիներ. Ռուստամյան