Եվրոպոլը նախազգուշացնում է Եվրոպայում խոշոր ահաբեկչություների հնարավորության մասին
Եվրոպոլը նախազգուշացնում է, որ «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությունը Եվրոպայում ծրագրում է խոշոր ահաբեկչական գործողություններ իրականացնել:
«Ներկա պահին Եվրոպան կանգնած է վերջին 10 տարում ահաբեկչական ամենամեծ սպառնալիքի առաջ»,-հայտարարել է եվրոպական ոստիկանական գործակալության ղեկավար Ռոն Ուեյնրայթը «Neue Osnabrücker Zeitung» պարբերականին տված հարցազրույցում:
Ուեյնրայթի խոսքով` նոյեմբերի 13-ի փարիզյան ահաբեկչությունը ցույց տվեց, որ «Իսլամական պետության» գործունեությունը միջազգային մասշտաբի է հասել:
«Պետք է ակնկալել, որ ԻՊ-ն և այլ կրոնական ահաբեկչական կազմակերպություններ ինչ-որ տեղ Եվրոպայում կփորձեն այնպիսի ահաբեկչական գործողություններ իրականացնել, որոնք առավելագույն կորուստներ կպատճառեն խաղաղ բնակչության շրջանում»,-ավելացրել է Եվրոպոլի ղեկավարը`ընդգծելով, որ հարձակումներ կարող են իրականացնել ինչպես խմբավորումներն, այնպես էլ անհատ ջիհադիստները:
Եվրոպոլի գնահատականով` 3-5 հազար եվրոպացիներ, Սիրիայի և այլ երկրների ահաբեկիչների ճամբարներում պատրաստվածություն անցնելուց հետո վերադարձել ե իրենց հայրենի երկրներ:
«Նման գրոհայինների աճող թիվը բացարձակ նոր մարտահրավեր է առաջ բերում ԵՄ-ի երկրների համար»,-նշել է Ուեյնրայթը`հավելելով, որ չկան որևէ ապացույցներ այն բանում, թե փախստականների հոսքը սիստեմատիկորեն օգտագործվում է ծայրահեղականների կողմից Եվրոպա հասնելու համար: