Իրանի Մեջլիսի ընտրություններ. 6230 թեկնածու՝ 290 մանդատի համար
Իրանում այսօրվանից սկսվում է 10-րդ գումարման Մեջլիսի ընտրությունների քարոզարշավը: Փետրվարի 26-ին կայանալիք ընտրություններին մասնակցելու իրավունք է ստացել 6 հազար 230 թեկնածու, որոնք կպայքարեն խորհրդարանի 290 մանդատի համար:
Անդրադառնալով ընտրական գործընթացում ներգրավված քաղաքական ուժերին՝ նշենք, որ հիմնական պայքարը կընթանա պահպանողական և բարեփոխական թևերը ներկայացնող կուսակցությունների և դաշինքների միջև:
Բարեփոխականների դաշինքը գլխավորում է ԻԻՀ նախկին նախագահ Մոհամմադ Խաթամիի (1997-2005թթ.) առաջին տեղակալ Մոհամմադ Ռեզա Արեֆը, իսկ պահպանողականներինը՝ ԻԻՀ Մեջլիսի նախկին խոսնակ Ղոլամ Ալի Հադդադ Ադելը:
ԻԻՀ Սահմանադրության համաձայն՝ ընտրություններին մասնակցության հայտ ներկայացրած բոլոր թեկնածուները չեն, որ կարող են մասնակցել քարոզարշավին, նրանց թեկնածությունը դեռ պետք է հաստատվեր Սահմանադրության պահապան խորհրդի կողմից (Շոուրայե նեգաբան):
Պետք է նշել, որ Պահապան խորհրդի կայացրած որոշման արդյունքում շահեկան դիրքում են հայտնվել պահպանողականները, քանի որ մեկնարկած քարոզարշավի ընթացքում 70 բարեփոխական թեկնածուները ստիպված կլինեն պայքարել շուրջ 3000 պահպանողականների դեմ:
Հավելենք, որ խորհրդարանական ընտրություններին զուգահեռ փետրվարի 26-ին կանցկացվեն նաև Բանիմացների ժողովի (Մաջլես-է խոբրեգան) ընտրությունները:
Իրանի Իսլամական Հանրապետության հիմնադիր Իմամ Խոմեյնիի մահից հետո երկրի առաջնորդը նշանակվում է Բանիմացների ժողովի կողմից։ Սույն Ժողովի անդամ բարձրաստիճան հոգևորականները խորհրդակցություններ են անցկացնում հոգևոր առաջնորդի բոլոր թեկնածուների հետ, և այն թեկնածուն, որը համապատասխանում է Սահմանադրության 5-րդ և 109-րդ հոդվածների պահանջներին, ճանաչվում է որպես իսլամի և սոցիալ-քաղաքական հարցերով ամենագիտակ մարդ և Բանիմացների ժողովի կողմից ընտրվում երկրի առաջնորդ։
Բանիմացների ժողովի ընտրություններին մասնակցության հայտ ներկայացրած 795 թեկնածուներից միայն 161 անձ է արժանացել Պահապան խորհրդի հավանությանը:
Հավանության արժանացած թեկնածուների թվում են՝ ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին, ԻԻՀ նախկին նախագահ Հաշեմի Ռաֆսանջանին, տեղեկատվության նախկին նախարար Մահմուդ Ալավին, Պահապան խորհդի քարտուղար այաթոլլահ Ահմադ Ջանաթին, Արևելյան Ատրպատական նահանգում ԻԻՀ հոգևոր առաջնորդի ներկայացուցիչ այաթոլլահ Մոջթահեդ Շաբեսթարին և այլն:
Ուշագրավն այն է, որ Պահապան խորհրդի կողմից ԻԻՀ հիմնադիր Իմամ Խոմեյնիի թոռան՝ Սեյյեդ Հասան Խոմեյնիի թեկնածությունը մերժվեց, որը ևս ներկայացնում է բարեփոխական թևը:
Անդրադառնալով Պահապան խորհրդի կողմից հավանության չարժանացած թեկնածուներին՝ նկատենք, որ նրանց զգալի մասը գործող նախագահ Հասան Ռոհանիի թիմակիցներն են: Իրանցի փորձագետների խոսքով՝ նրանց թեկնածությունը մերժվել է միայն այն բանի համար, որ նրանք աշխատել են Ռոհանիի նախընտրական շտաբում:
Բարեփոխականների՝ համատարած մերժման պարագայում նույնիսկ մի պահ կարծես թե վերջիններս որոշում կայացրեցին բոյկոտել ընտրությունները, սակայն քննարկումներից հետո ի վերջո որոշում կայացվեց մասնակցել ընտրություններին և պայքարել յուրաքանչյուր մանդատի համար:
Իրանի Մեջլիսը քաղաքական դաշտում հավասարակշռություն պահող կարևոր և ազդեցիկ ինստիտուտ է, հետևաբար Մեջլիսի ընտրությունների արդյունքները բացի ներքաղաքական կյանքից՝ կարևոր ազդեցություն կունենան նաև արտաքին քաղաքականության, մասնավորապես Արևմուտքի հետ քաղաքական հարաբերությունների վրա: