Պաշտոնական Երևանը եկել է եզրակացության, որ հույսը պետք է դնել սեփական ռազմական պոտենցյալի վրա. քաղաքագետ
Հայաստանի արտգործնախարարի և Մինսկի խմբի համանախագահների միջև վերջին հանդիպումը ևս մեկ անգամ փաստեց, որ Ադրբեջանը խուսափում է ղարաբաղյան խնդիրը քաղաքական և խաղաղ ճանապարհով լուծելուց: Այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը՝ նշելով, որ փոխարենը կրկին իրավիճակը սրվում է սահմանին:
«Սահմանային լարվածությանը սրվելուն զուգընթաց ադրբեջանական պաշտոնական քարոզչական մեքենան շարունակում է հակամարտությունը սրող հայտարարություններ տարածել: Պաշտոնական Բաքուն փորձում է խուսափել խնդրի քաղաքական կարգավորումից՝ երևի լավ հասկանալով, որ չեն կարող հասնել իրենց ցանկացած արդյունքների»,-ասաց քաղաքագետը:
Անդրադառնալով Ռուսաստանի կողմից տրամադրված 200 մլն դոլար վարկով ձեռք բերված զինատեսակներին՝ Մելիք-Շահնազարյանը նշեց, որ դրանք հիմնականում հարձակվողական տիպի զենքեր են, ինչն էլ ցույց է տալիս, որ Հայաստանը պատրաստվում է ուժի միջոցով զսպելու Ադրբեջանի ռազմական ակտիվությունը:
«Պաշտոնական Երևանը եկել է այն ճիշտ եզրակացությանը, որ հույսը պետք է դնել սեփական ռազմական պոտենցյալ վրա՝ Ադբեջանին զսպելու համար: Ադրբեջանը չունի պատերազմի ելքի մասին հստակ պատկերացում և հասկանում է, որ կարող է ավելի ողբերգական վիճակում հայտնվել»,-նշեց նա:
Քաղաքագետի դիտարկմամբ՝ Ադրբեջանը հասկանում է, որ պատերազմ սկսելու և Հայաստանի նման զենքեր ունենալու պարագայում այն չի սահմանափակվելու սահամանամերձ շրջաններում, և ռազմական տեսակետից դա կզգան խոշոր քաղաքների բնակիչները, այդ թվում նաև մայրաքաղաքները. «Ադրբեջանը նաև չունի հասարակություն, որը կաջակցի պատերազմ սկսելու իր գաղափարին: Դրան ազդում են Ադրբեջանում սոցիալական խնդիրները, բարոյահոգեբանական վիճակը, զինվորականների աշխատավարձերի կրճատումները, պայմանագրային ծառայողների թվի պակասելը»:
Ինչ վերաբերում է աշխարհաքաղաքական զարգացումներին, Հրանտ Մելիք-Շահնազարյանն ընդգծեց, որ առաջիկա ամիսներին աշխարհաքաղաքական զարգացումների կիզակետը մնալու է Մերձավոր Արևելքը: