Վարչապետն այցելել է «Մեգերյան կարպետ» ընկերություն
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այցելել է «Մեգերյան կարպետ» ընկերություն: Կառավարության ղեկավարը շրջել է «Մեգերյան կարպետ»-ի արտադրամասերով և թանգարանով՝ ծանոթացել ընկերության գորգագործական աշխատանքներին: Ընկերության ղեկավարները վարչապետին են ներկայացրել «Մեգերյան կարպետ»-ի զարգացման առաջիկա ծրագրերը: Այս մասին հայտնում են կառավարության տեղեկատվության ու հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Վարչապետը նշել է, որ կառավարությունը պատրաստ է անհրաժեշտ օժանդակություն ցուցաբերել ներդրումային նոր ծրագրերի իրականացման և նոր աշխատատեղերի ստեղծման համար:
Այնուհետև Հովիկ Աբրահամյանը ներկա է գտնվել «Տերյան մշակութային կենտրոն»-ի «Անցյալի ապագա» խորագրով հագուստների հավաքածուի ցուցադրությանը: Կենտրոնի ներկայացրած հագուստներում և աքսեսուարներում, որոնք պատրաստվել են «Մեգերյան կարպետ»-ի հետ համատեղ, կիրառվել են հայկական միջնադարյան գորգերի թանգարանային նմուշների նախշեր ու հորինվածքներ: