Հայհոյանքն ու չարախոսությունը մեզ հետ չեն կանգնեցնի. Դաշնակցական
Ազգային ժողովի Դաշնակցություն խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանին հետաքրքրել էր կառավարության կառուցվածքային փոփոխության մասին օրինագծի քննարկման մթնոլորտը, «փոքր խմբակների վախը»: «Անհետաքրքիրը թույնի ու սարկազմի անփոփոխ չափաքանակն էր», -արտահերթ նիստում հայտարարեց Վարդանյանը:
Նա կրկնեց բազմիցս արված հայտարարությունները, որ իրենք համագործակցությունը բխեցրել են Սահմանադրական բարեփոխումներից ու որակական փոփոխություններ կատարելու անհրաժեշտությունից:
«Ստրագրվելիք երկկողմ համագործակցության մասին փաստաթղթում ցանկություն ու աչք ունեցողները կտեսնեին, որ սա արվում է արմատական փոփոխություններ կատարելու հրամայականից: Ցանկություն ու աչք ունեցողները կտեսնեին նաև Հանրապետության նախագահի ու մեր ծրագրային ընդհանրությունները: Ուժերի մեկտեղումը այս փուլում մենք դիտարկում ենք գործնական քայլերով մեր ընտրողների մոտ աշխատանքով բարոյահոգեբանական մթնոլորտը փոխելու հնարավորություն: Մենք այս քայլին գնում ենք հավատով ու պատասխանատվությամբ, դժվար պահին բեռ վերցնելու կամքով: Հայհոյանքը, չկամությունն ու չարախոսությունը մեզ հետ չեն կանգնեցնի», -հայտարարեց Վարդանյանը:
Դաշնակցական պատգամավորը, անդրադառնալով համագործակցությունը քննադատողներին, մի քանի հարցադրում արեց. «Ձեզ նայեք, դուք ի՞նչ եք արել, մի փուշ հանե՞լ եք էս ժողովրդի մատից»:
Նա ՕԵԿ-ին հիշեցրեց, որ արտակարգ իրավիճակների նախարարությունը նախկինում վարչություն էր, բայց ՕԵԿ-ի հետ համագործակցության շրջանակում դարձավ նախարարություն ու հենց Մհեր Շահգելդյանն էլ դարձավ նախարար: «Այսքա՞ն է հիշողությունը»
«Այս համագործակցությունը քննադատելը կամ կոպիտ ասած աչոկ հավաքելը եղել ու լինելու է: Շարունակեք նույն ոգով: Մենք` դաշնակցականներս, աշխատանքի ու պատասխանատվության կողմնակիցն ենք», -շարունակեց Վարդանյանը: