Համագործակցության համաձայնագիր՝ Հայաստանի և Բելառուսի միջև
ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը և Բելառուսի Հանրապետության անտառային տնտեսության նախարար Միխայիլ Ամելյանովիչը ստորագրել են Տնտեսական համագործակցության հարցերով հայ-բելառուսական միջկառավարական հանձնաժողովի 12-րդ նիստի Արձանագրությունը, որում ամրագրվել են հետագա համագործակցության ուղղությունները և քայլերը:
Ստորագրման արարողությունից հետո Կարեն Ճշմարիտյանը նշեց, որ նիստի շրջանակներում քննարկվել են Հայաստանի ու Բելառուսի միջև առևտրական, տնտեսական, առողջապահության, ենթակառուցվածքային համագործակցության հարցեր։
«Հայ-բելառուսական տնտեսական հարաբերությունները բարձր մակարդակի վրա են, հատկապես կարևորվում է ԵՏՄ հարթակում մեր համագործակցությունը և կարող ենք նշել, որ լուրջ հետաքրքրություններ ու հնարավորություններ ունենք հետագա զարգացման համար»,- ընդգծեց նախարարը:
Կարեն Ճշմարիտյանի խոսքերով՝ նիստի ընթացքում կարևորվեց հատկապես էներգետիկայի, տրանսպորտի ու գյուղատնտեսության բնագավառում համագործակցությունը. «Հայկական կողմը առաջարկեց, որպեսզի Հայաստանում անցկացվի ինովացիոն հարցերին վերաբերող համաժողով՝ հայ և բելառուսցի գիտնականների մասնակցությամբ։ Կարծում եմ, որ հատկապես ինովացիոն բնագավառում մենք լուրջ համագործակցության ռեսուրսներ ունենք և պետք է օգտագործենք»:
Անդրադառնալով առևտրաշրջանառությանը, Կարեն Ճշմարիտյանն ասաց, որ թեև երկու երկրների միջև առևտրաշրջանառությունը անկում է գրանցել, սակայն խոսքը վերաբերում է այն ապրանքներին, որոնք երրորդ երկրներից Բելառուսով եկել են Հայաստան, իսկ բելառուսական ծագման ապրանքների ներմուծումը, ըստ նախարարի, ավելացել է շուրջ 10%-ով. «Հայաստանից արտահանումը ծավալային առումով քիչ տարբերություն է տալիս նախորդ տարվա հետ, բայց գումարային առումով անկում է եղել: Դա հիմնականում կապված է արտաքին ազդեցությունների հետ»։
Բելառուսի Հանրապետության անտառային տնտեսության նախարար Միխայիլ Ամելյանովիչն ասաց, որ Հայաստանի և Բելառուսի միջև հարաբերությունները դինամիկ կերպով զարգանում են:
«Մենք ունենք մեծ պոտենցիալ տարբեր ոլորտներում հետագա զարգացման համար»,- ասաց Միխայիլ Ամելյանովիչը:
Նշվեց նաև, որ կքննարկվեն գյուղատնտեսության, տեղեկատվական տեխնոլոգիաների, գիտության և կրթության և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ ոլորտներում երկկողմ համագործակցության ընդլայնման ուղիները:
«Վստահ եմ, որ այսօրվա նիստի ընթացքում մեր ընդունած որոշումները նոր հիմքեր կստեղծեն համագործակցության խորացման համար»,-ասաց նա:
Նշենք նաև, որ նիստի արդյունքում ստորագրվել է ևս մեկ փաստաթուղթ. ՀՀ էներգետիկայի նախարարի տեղակալ Արեգ Գալստյանը և Բելառուսի էներգետիկայի նախարարի տեղակալ Միխայիլ Միխադյուկը ստորագրել են «Հայաստանի Հանրապետության կառավարության և Բելառուսի Հանրապետության կառավարության միջև ատոմային էներգիայի խաղաղ օգտագործման բնագավառում համագործակցության մասին» համաձայնագիրը: