Քաղաքական համագործակցության համար կարելի է կիսել նաև մարզերը. Փաշինյանի հեգնանքը
Այս նախագծի առավելությունը այն է, որ հնարավորություն է տրվում ոչ միայն նախարար նշանակել Դավիթ Լոքյանին, այլ նաև նախարարի պաշտոնից չհանել գործող նախարար Արմեն Երիցյանին: Այդ մասին այսօր Կառավարության կազմի մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրինագծի քննարկման ժամանակ հայտարարեց ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը:
«Սա կարծում եմ, չափազանց կարևոր է», -ելույթում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը` հեգնելով կառավարության նախաձեռնությունը:
Հիշեցնենք` օրինագիծը ԱԺ արտահերթ նիստում ներկայացնում էր արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը, ում համար նախագիծը ներկայացնելը հինգ րոպե տևեց: Նախագծի հիմնավորումը մեկ նախադասություն ուներ. «Կառավարության կառուցվածքի մասին օրենքում փոփոխությունը պայմանավորված է քաղաքական համագործակցության արդյունքում առաջացած անհրաժեշտությամբ»:
Շարունակելով ելույթը նույն հեգնախառն ոճով, Փաշինյանը հայտարարեց, որ մտահոգիչ է նաև այն, որ Դաշնակցությանը տրվելիք երկու նախարարությունների` Կրթության, գիտության և Էկոնոմիկայի նախարարներ Արմեն Աշոտյանն ու Կարեն Ճշմարիտյանը ազատվելու են պաշտոններից: Ըստ պատգամավորի, կարելի է ուղղակի նախարարությունները կիսել և բոլորին պաշտոն կհասնի:
«Սա թույլ տվեք ասել, որ անթույլատրելի անարդարություն է և ոչ կառուցողական մոտեցում: Ինչու գնալ նման ոչ կառուցողական ճանապարհով, երբ մենք ունենք նախարարությունները միացնելու և դրանից հետո հանուն բազմամյա նպատակների դրանք կիսելու գեղեցիկ ավանդույթ: Կարելի է, օրինակ, կրթության և գիտության նախարարությունները կիսել ու դարձնել կրթության նախարարություն, լուսավորության նախարարություն. Աշոտյանին նշանակել լուսավորության նախարար, իսկ Լևոն Մկրտչյանին` կրթության նախարար», -հայտարարեց Փաշինյանը:
Նա հիշեց նաև նույն համագործակցության շրջանակներում մարզերի կառավարման բաշխումը և նույն մեթոդը առաջարկեց նաև մարզերի դեպքում` դրանց անունները կիսելով:
«Այո, կարելի է կիսել նաև մարզերը: Կարելի է, չէ՞: Թող լինի առանձին Արագածի մարզ և առանձին Ոտնի մարզ, թող լինի առանձին Գեղարի մարզ և առանձին Ունիքի մարզ, իսկ թե կիսված մարզերի որ մասում հանրապետական մարզպետ կնշանակվի, որում դաշնակցական, դա արդեն կարծում եմ, սուգուբը ՀՅԴ-ՀՀԿ ներկուսակցական հարաբերությունների հարց է», -հավելեց պատգամավորը:
Ի դեպ, պատգամավորի առաջարկը ԱԺ դահլիճում առաջացրեց շատերի ծիծաղը:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան