ՕԵԿ-ը բոյկոտեց ԱԺ արտահերթը
Այսօր Ազգային ժողովն արտահերթ նիստում ձայների մեծամասնությամբ հաստատեց արտահերթ նիստի օրակարգը, որի գլխավոր հարցը կառավարության կազմի կառուցվածքային փոփոխությունն է, ինչի անհրաժեշտությունն առաջացել է ՀՀԿ-ՀՅԴ քաղաքական համագործակցությունից:
Մինչև օրակարգի հաստատումը ԱԺ «Օրինաց երկիր» խմբակցության անդամ Մհեր Շահգելդյանը հայտարարեց, որ իրենց խմբակցությունը չի մասնակցի այս հարցի քննարկմանը, քանի որ այն համարում է «արհեստական»: Միևնույն ժամանակ, Շահգելդյանը հաջողություն մաղթեց ՀՀԿ-ՀՅԴ կազմին` հետագա աշխատանքներում:
Լևոն Զուրաբյանը հայտարարեց, որ իրենց համար անհասկանալի է այն հանգամանքը, թե ինչո՞ւ են շտապել և հերթական քառօրյայից երկու օր առաջ արտահերթ կարգով հարց ներկայացրել ԱԺ:
«Ինչո՞վ է պայմանավորված և ի՞նչն էր խանգարում ձեզ, որ այս որոշումը քննարկվեր հերթական նիստում», -հետաքրքրվեց Զուրաբյանը:
Ի պատասխան ԱԺ նիստը վարող ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը արձագանքեց, որ նախաձեռնությունը կառավարությանն է և իրենք են որոշում երբ և ինչպես ներկայացնել հարցը:
Հիշեցնենք` արտահերթ նիստում քննարկվում է Կառավարության կառուցվածքի մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը, որով առաջարկվում է բաժանել Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը: Սա արվում է ՀՅԴ-ՀՀԿ համագործակցության շրջանակներում. Տարածքային կառավարման և զարգացման նախարարությունը տրվելու է ՀՅԴ-ին:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան